Ուկրաինայի պարտությունը լիակատար ձախողում և աղետ կնշանակի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար. Մորավեցկի

Ուկրաինայի պարտությունը կնշանակի լիակատար ձախողում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է eadaily.com-ը:

«Որտե՞ղ կմնա վստահությունը մեր հանդեպ, եթե Ուկրաինան պարտվի։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ Ուկրաինան կպարտվի, և մենք կվերադառնանք «սովորականի պես բիզնեսին»։ Հուսով եմ՝ ոչ։ Այս սցենարը կնշանակի լիակատար ձախողում և աղետ ԵՄ-ի, մեր արժեքների, ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա Հաագայում ՆԱՏՕ-ի եվրոպական յոթ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։

Մորավեցկին Եվրամիության երկրներին և ՆԱՏՕ-ին կոչ է արել շտապ Կիևին ավելի մահաբեր զենք մատակարարել։

«Մենք այնքան էլ շատ բան չենք արել և չենք անում Ուկրաինային պաշտպանելու, ուկրաինացի ժողովրդին իր ազատության և ինքնիշխանության պաշտպանության գործում աջակցելու համար։ Ուստի, հորդորում եմ ձեզ, խնդրում եմ ավելին անել Ուկրաինային զենք և հրետանու մատակարարման ոլորտում։ Դա նրանց պետք է իրենց երկիրը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։

Լեհաստանի վարչապետը հավելել է, որ այժմ կարևոր է նաև աջակցել Կիևին դեպի Եվրամիություն իր ճանապարհին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.