Պատերազմից 2 ամիս առաջ ընդունել եմ պետության շատ իմաստուն ղեկավարի, որը կանխատեսել էր պատերազմը. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկնել է այն տեսակետը, որ Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները կարող են հանգեցրած լինել ուկրաինական ճգնաժամի սրման: Եվրոպայում ճիզվիտական հրատարակությունների ղեկավարների հետ զրույցում, որից հատվածներ հրապարակել է la Stampa թերթը, պոնտիֆիկոսին հարցրել են հակամարտության մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

«Պետք է հեռանանք սովորական Կարմիր Գլխարկի սխեմայից՝ Կարմիր Գլխարկը լավն էր, իսկ գայլը՝ վատը, այստեղ չկան մետաֆիզիկական բարի և չար: Ինչ-որ գլոբալ բան է ի հայտ գալիս, որի տարրերը շատ փոխկապակցված են», - հանդիպման ժամանակ ասել է Ֆրանցիսկոս պապը։

Հռոմի պապի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից երկու ամիս առաջ ինքն ընդունել է մի պետության «շատ իմաստուն» ղեկավարի։ Վերջինս պոնտիֆիկոսի հետ կիսվել է իր մտահոգությամբ, թե ինչպես է «ՆԱՏՕ-ն առաջ է շարժվում»։

«Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ, նա պատասխանեց. «Ռուսաստանի դարպասների մոտ հաչում են։ Եվ նրանք չեն հասկանում, որ ռուսները կայսերական են և չեն թողնի, որ օտար ուժերը մոտենան իրենց»։ Նա եզրափակեց. «Իրավիճակը կարող է հանգեցնել պատերազմի»։ Դա իր կարծիքն էր»,- ասել է պոնտիֆիկոսը՝ նշելով, որ «պետության այս ղեկավարը կարողացել է կարդալ տեղի ունեցողի նախանշանները»։

Հռոմի պապի խոսքով՝ նրանք, ովքեր հետևում են Ուկրաինայում տիրող իրավիճակին, տեսնում են «դաժանություն և վայրագություն», սակայն վտանգը կայանում է նրանում, թե ինչ է թաքնված ռազմական գործողությունների հետևում, այն, ինչ տեսանելի չէ՝ հնարավոր պատճառները, թե ինչու այս հակամարտությունը հրահրվեց կամ չկանխվեց:

«Եվ ես տեսնում եմ զենք փորձարկելու և վաճառելու շահագրգռվածություն: Դա շատ տխուր է, բայց հիմնականում դա հենց դրա մասին է», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

«Այս պահին ինչ-որ մեկը կարող է ինձ ասել. «Բայց դու Պուտինի կողմնակիցն ես»: Ո՛չ, ես նրա կողմը չեմ: Ես պարզապես դեմ եմ, որ բարու և չարի տարբերակման  բարդությունը չափվի՝ առանց մտածելու շատ բարդ արմատների ու շահերի մասին»,- ասել է Պապը:

Մայիսի սկզբին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսն ասել էր, որ «Ռուսաստանի դռների  մոտ ՆԱՏՕ-ի հաչալը» հանգեցրել է հակամարտության։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.