Մի՛ թռչեք Թուրքիա, եթե արդեն այնտեղ եք, շո՛ւտ վերադարձեք. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է համերկրացիներին

Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի հայտարարել է, որ Ստամբուլ այցելած իսրայելցիները պետք է հեռանան Թուրքիայի մայրաքաղաքից, ինչը պայմանավորված է Իրանի կողմից սպառնալիքների պատճառով, գրում է The Jerusalem Post-ը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իսրայելցիները չպետք է այցելեն Ստամբուլ: Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ հրապարակվել են տեղեկություններ առ այն, թե Իսրայելն ու Թուրքիան անցյալ ամիս կանխել են իրանական ահաբեկչությունը Ստամբուլում։

Լապիդն ասել է, որ Իսրայելի անվտանգության կազմակերպությունները, ԱԳՆ-ն և վարչապետի գրասենյակը փորձում են փրկել իսրայելցիների կյանքը:

«Այս ահաբեկչություններն ուղղված են հանգստի մեկնած իսրայելցիներին։ Նրանք դիտավորյալ  Իսրայելի քաղաքացիներին  են ընտրում առևանգելու կամ սպանելու համար: Դա կարող է պատահել ցանկացածի հետ: Դա իրական և անմիջական վտանգ է», - ասել է Լապիդը Կնեսետում «Յեշ Աթիդ» խմբակցության հանդիպման ժամանակ:

«Մենք կոչ ենք անում իսրայելցիներին չթռչել Ստամբուլ, եթե դրա կարիքը չկա, մի՛ թռչեք Թուրքիա: Եթե արդեն Ստամբուլում եք, որքան հնարավոր է շո՛ւտ վերադարձեք Իսրայել… Եթե պլանավորել եք թռիչք կատարել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք», - ասել է ԱԳ նախարարը:

Լապիդն հավելել է, որ ուղերձ ունի իրանցիներին, որոնք փորձում են վնասել իսրայելցիներին. «Իսրայելի երկար ձեռքը կհասնի նրանց, անկախ նրանից, թե որտեղ կլինեն»:

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 30-ին «խստացված նախազգուշացում» է տարածել երկրի քաղաքացիների արտասահմանյան ճանապարհորդությունների մասին՝ մատնանշելով նրանց Թուրքիա այցելելու անցանկալիությունը՝ կապված իրանցի բարձրաստիճան սպայի սպանությունից հետո վրեժխնդիր լինելու մտավախությունների հետ։ Իսրայելի Անվտանգության խորհուրդն այնուհետև մատնանշել էր «աշխարհում իսրայելցիներին վնաս պատճառելու Իրանի փորձերի» առնչությամբ ավելացող մտահոգությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.