Գեղարքունիքի մի քանի համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերին. Թովմասյան

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում խմելու ջրի նմուշները չեն համապատասխանում նորմերի պահանջներին. այս մասին հայտնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Այս առնչությամբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մարզային հերթական այցելություններիս ժամանակ ս․թ․ հունվար ամսին եղել եմ Գեղարքունիքի Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերում։ Բնակիչները տեղում հրատապ խնդիր էին բարձրացրել առ այն, որ Գեղամասար և Սոթք համայնքներին սպասարկող «Տերտերի ձոր» կոչվող հատվածով անցնող՝ 2002թ․ կառուցված ջրատարը, Նորաբակ համայնքի ջրային ակունքի տարածքը, Գեղամաբակ և Ջաղացաձոր համայնքների ջրային ակունքը թշնամու ներխուժման հետևանքով գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բնակիչները խմելու ջրից թունավորման մտավախություններ ունեին, ինչի համար ջուրը բերում էին հարակից համայնքներից, որն էլ բազում անհարմարությունների պատճառ էր դարձել։ 

Այսպիսով, նախորդ տարվա մայիսի 13-ից ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում մարդիկ զրկված են կենսական իրավունքներից, ուստի խնդրի լուծման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտություն կար։

Պաշտոնական գրություններիս ի պատասխան քանի դեռ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր, որ վերջին անգամ ս.թ. հունվար ամսին և փետրվար ամսվա 1-ին տասնօրյակում իրականացված հետազոտությունների արդյունքում սահմանված նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել, Ջրային կոմիտեն էլ նշում էր, որ այդ բնակավայրերը չեն գտնվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում և առաջարկում էր դիմել լիազոր պետական մարմնին, աշխատեցի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

Եւ ահա տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ի պատասխան իմ գրության, հայտնում է, որ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է Վարդենիս, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ, Ջաղացաձոր համայնքների ջրամատակարարման համակարգերի զննում, որի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի Կարգադրագրով կասեցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր բնակավայրի մի մասի և ամբողջ Գեղամաբակ բնակավայրի ջրամատակարարումն ապահովող և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը։

Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամասար, Գեղամաբակ և Ջաղացաձոր բնակավայրերի խմելու ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողություն չի իրականացվում, իսկ մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների արդյունքների՝ Սոթք բնակավայրի «Զավենի Ձոր» աղբյուրի ջրի ծորակից, Նորաբակ բնակավայրի գյուղամիջյան սկզբնամասի խմելու ջրի ծորակից, Ջաղացաձորի գյուղամիջյան առաջին աղբյուրի ծորակից վերցված ջրի նմուշները չեն համապատասխանել Նորմերի պահանջներին:

Իմ կողմից բարձրացված խնդրի լուծումը մոտ 5 ամիս է, դեռ չկա: Տեղեկացա, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից Վարդենիս համայնքի ղեկավարին տրվել է Կարգադրագիր՝ 30-օրյա ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար։ Հետեւողական կլինեմ, որպեսզի ՀՀ սահմանամերձ շրջանի բնակիչների կենսական խախտված իրավունքները վերականգնվեն եւ մարդկանց առողջությունը չվտանգվի՝ միայն ծորակից ջուր խմելու պատճառով:

 5  0

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.