Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննիչին վարույթից հեռացնելու դատախազության որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Նախօրեին լրատվական կայքին տրված պարզաբանմամբ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացված` Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ քննիչն առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու հայտարարել է նախաքննության ավարտ, և որ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հակակոռոպցիոն կոմիտեն։

 

Դատախազության վերը նշված պարզաբանման առնչությամբ հայտնում ենք, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին, քանի որ նշված որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ: Մեր համոզմամբ` տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ` քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով:

 

Անհրաժեշտ ենք համարում հայտնել նաև, որ իրականությանը չեն համապատասխանում դատախազության այն պնդումները, թե հսկող դատախազի կողմից տրված ցուցումներն ուղղված են եղել կոնկրետ մեղադրանքի հիմնավորմանը: Փոխարենը, խիստ սուբյեկտիվ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի /փողերի լվացում/ վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի ԵԷԴ/0054/01/15 նախադեպային որոշումը, և, ըստ էության, հակասելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատախազն ընդամենը սահմանափակվել է Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ վերացական դատողություններով: Եվ սա այն դեպքում, որ նախադեպային որոշման այս մեկնաբանությամբ դատախազությունը հակասել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այլ քրեական գործերով փողերի լվացման նմանատիպ դրվագների վերաբերյալ նախկինում իր իսկ արտահայտած դիրքորոշմանը:

 

Ավելին` նշված իրավահարաբերություններում հսկող դատախազն ունեցել է իր որոշմամբ հանցագործությունը որակելու կամ մեղադրանքի ծավալը փոփոխելու առավել քան լայն գործիքակազմ, որից օգտվելու փոխարեն յուրովի ենթատեքստերով անհիմն ձևակերպումներ տալով` խուսափել է արտահայտել հստակ դիրքորոշումներ` արդյունքում ձգձգելով մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու գործընթացը:Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը` հարկ է նկատել, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու հետևողականությունը:

Միաժամանակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.