Ո՞ւմ հրահանգով է Նիկոլ Փաշինյանը չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումն ու ընթրիքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։ Թե ինչ լուրջ պատճառ է ունեցել Փաշինյանը, որ չեղարկել է նման կալիբրի պաշտոնյայի հետ հանդիպումը, այն դեպքում, երբ ժամանակ է գտնում անգամ Wildberries-ի տնօրենին ընդունելու համար, եւ բոլոր լրատվական կայքերով այդ հանդիպումը որպես դարի իրադարձություն են ներկայացնում, պաշտոնական աղբյուրները լռում են, փոխարենը ուշագրավ վարկածներ են առաջ քաշում այս մերժման մասին տեղեկացված աղբյուրները։

Նշենք, որ Փարիզի քաղաքապետը Հայաստան է ժամանել հետպատերազմական իրավիճակում եւ Արցախի խնդրի կարգավորման այս օրերին բարեկամ ժողովրդին իր եւ իր երկրի աջակցությունը հայտնելու նպատակով։ Այցը կազմակերպել է Ֆրանսիայի հայտնի՝ CCAF ֆրանսահայ կազմակերպությունը, որի համանախագահներն են Nouvelles d’Arménie-ի ղեկավար, խիստ նիկոլամետ հայացքներով Արա Թորանյանը, ով բազմիցս այցելել է Հայաստան եւ ընդունելության արժանացել վարչապետի մոտ։ Մյուս համանախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն է: Նման հակադիր հայացքներ ունեցող այս անձանց մինչ օրս հաջողվել է պահպանել CCAF-ի միասնականությունը եւ համատեղ գործել` հօգուտ հայրենիքի եւ ֆրանսահայ համայնքի։ Նրանք մեծ ջանքերով կազմակերպել են Իդալգոյի այցը Երեւան։ Փարիզի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի հետ, Գորիսում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18.00-ին հանդիպում է նախատեսված եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա՝ պաշտոնական ընթրիք, սակայն վերջին պահին Փաշինյանի աշխատակազմից զանգել եւ առանց բացատրության տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվում է։

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը հաստատեց մեր տեղեկությունները։ Ինչ վերաբերում է հանդիպումը չեղարկելու պատճառներին, հետաքրքրվեցինք՝ գուցե Ձեր ներկայությո՞ւնն է եղել պատճառը, որ Փաշինյանը չի ընդունել Անն Իդալգոյին։ Նա պնդեց, որ դա չէր կարող հանդիպումը չեղարկելու պատճառ դառնալ, քանի որ ինքը նախապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու գործող իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումներին։ «Այո, Փաշինյան-Անն Իդալգո հանդիպումը նախապես ծրագրված էր՝ շաբաթ երեկոյան, որից հետո՝ պաշտոնական ընթրիք պատվիրակության հետ, բայց վերջին պահին մերժեցին։ Սկիզբեն ես հայտարարեցի Անն Հիդալգոյին եւ Հասմիկ Տոլմաջյանին, որ Հայաստանի մեջ պաշտոնական ժամադրություններուն պիտի չմասնակցիմ՝ լինի Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահ եւ վարչապետ, որովհետեւ ես կողմ եմ ընդդիմության, դաշնակցականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Թե՛ դեսպանը, թե՛ Փարիզի քաղաքապետը շատ լավ հասկացան, եւ ուրեմն ես չեմ պրոբլեմը, որ բեկանեց հանդիպումը։ Մենք չենք հասկնար՝ ինչու վերջին վայրկյանին Փաշինյանը մերժեց հանդիպիլ Փարիզի քաղաքապետին»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը, որն արդեն վերադարձել է Փարիզ։

Ըստ նրա՝ երկու վարկած կա, թե ինչու է Փաշինյանը մերժել բարձրաստիճան հյուրին։ Գուցե Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է արգելել՝ պատժելով Ֆրանսիային հակաթուրքականության եւ Արցախի կարգավիճակի հարցում հայամետ դիրքորոշման համար։ Մանավանդ՝ Գորիսում Իդալգոն հանդիպել է Արցախի նախագահի հետ։ «Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին»,- ասում է Փափազյանը։ «Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»։ Փափազյանը շեշտում է, որ վստահ չէ որեւէ վարկածում, բայց երկուսն էլ արժանահավատ են։

 

«Ես իսկապես չեմ հասկնար՝ ինչպե՞ս կարելի է մերժել Փարիզի քաղաքապետին, որ միջազգային անձ մըն է, որ այդ հանդիպումով ուժ պիտի տար Հայաստանին ու Արցախին, ի՞նչ կար ավելի կարեւոր այդ պահին, քան Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը»։ Փափազյանին հարցրինք՝ կատարվածից հետո ի՞նչ տպավորություններով մեկնեց Անն Իդալգոն․ «Գիտեք, այս այցի նպատակը զորակցություն ցուցաբերելն էր Արցախին ու Հայաստանին, իսկ հանդիպումը, որ տեղի չունեցավ, պրոբլեմ չսարքեց, որովհետեւ իր նպատակն Արցախի հարցով՝ որ դիրքորոշվեր։ Ես կկարծեմ, որ Փարիզի քաղաքապետը բան մը չկորցցուց, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կորցցուց»։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեցինք մեկնաբանություն լսել՝ ինչու է վերջին պահին չեղարկվել հանդիպումը։ «Իսկ ո՞վ է ասում, որ նախատեսված էր ու չեղարկվել է»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Ճշտեցինք՝ նախատեսված չի՞ եղել։ «Ես նախատեսվածի վերաբերյալ չեմ ունեցել որեւէ տեղեկատվություն, այդ դեպքում՝ նաեւ չեղարկման»։ Այդ դեպքում ինչո՞ւ հանդիպում չի նախատեսվել, ամեն օր Փարիզի քաղաքապետը չի ժամանում Հայաստան։ «Ես չեմ ասում՝ նախատեսված չի եղել, ես ասում եմ՝ ես չունեմ նման տեղեկատվություն»։ Խաչատրյանին ասացինք, որ ոչ թե իր կարծիքն ենք ուզում լսել, այլ՝ գործադիրի ղեկավարի։ Խոստացավ ավելի ուշ պարզաբանում տալ, սակայն այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.