Ռուսաստանին դուրեկան չէ Ֆրանսիայի և ԵՄ մյուս երկրների՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գերիշխանության հավակնելու փորձը. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է աշխարհի այս կամ այն տարածաշրջանում գերիշխող դերի հավակնելու Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների ցանկությունը, սակայն այդ ջանքերը «դուրեկան» չեն Մոսկվային։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մալիի արտգործնախարար Աբդուլայ Դիոպի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հասկանում ենք, բայց մեզ դուրեկան չէ  Ֆրանսիայի և Եվրամիության այլ երկրների փորձը՝ հավակնել ինչ-որ գերիշխող դերի աշխարհի այս կամ այն տարածաշրջանում»,- ասել է նա։

«Իրենք, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության շուրջ տարածքներին, նրանք չեն վարանում գրել տարբեր ռազմավարություններ, այդ թվում՝ Եվրամիության արկտիկական ռազմավարությունը, Կենտրոնական Ասիայի ռազմավարությունը, իսկ հետո սկսում են այդ ռազմավարություններն առաջարկել տարածաշրջանում  երկրներին..., այս երկակի ստանդարտները շատ տխուր են»,- ասել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ քննարկել ցանկացած միջազգային հարց, բայց շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

«Մենք պատրաստ ենք մեր արևմտյան գործընկերների՝ ֆրանսիացիների և այլոց հետ քննարկել ցանկացած միջազգային հարց՝ մի պայմանով, որ դա անենք կուլտուրական, միմյանց շահերը հարգելու և, ամենակարևորը, հարգելով ցանկացած տարածաշրջանի և ցանկացած երկրների կողմից գործընկերներին ազատ և առանց որևէ թելադրանքի ընտրելու որոշումը»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.