Ես ակնկալիք չունեմ, ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել․ ցույցերով ու հանրահավաքներով չեմ հետաքրքրվում, որովհետև քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում․ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հուլիսին Քննչական կոմիտեի նախագահ նշանակեց Հայկ Գրիգորյանին, իսկ երեք տարվա պաշտոնավարումից հետո՝ 2021 թվականի հուլիսի 12-ին, ազատեց պաշտոնից։ Նա մինչ օրս որեւէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն համառ լուրեր կան, թե հույսը չի կորցրել՝ սպասում է նոր նշանակման։ Հուսով է, որ իր լռությունը՝ Փաշինյանին չքննադատելը եւ բացահայտումներ չանելը, մի օր կգնահատվի եւ, ինչպես էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին պաշտոնաթողությունից հետո նորից պաշտոն տվեցին՝ ֆինանսների նախարար նշանակելով, իրեն էլ մի բան կառաջարկեն։ Օրինակ՝ գլխավոր դատախազ, չէ՞ որ Արթուր Դավթյանն արդեն ճամպրուկային է, կամ՝ զինվորական դատախազ։ Բայց հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն էլ էր ժամանակին այդպես մտածում՝ որ եթե լռի, նորից կհիշեն իր մասին, սակայն պաշտոնի փոխարեն բանտում հայտնվեց։

 

Մենք երեկ կապվեցինք Հայկ Գրիգորյանի հետ եւ տեղեկացանք, որ այս պահին որեւէ տեղ չի աշխատում, զբաղված է գիտական աշխատանքով, պաշտոնի առաջարկ դեռեւս չի ստացել, եւ չթաքցրեց, որ դեմ չէր լինի վերադառնալ պետական ապարատ ու կրկին զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։ Թերեւս պաշտոնի ակնկալիքն էր պատճառը, որ Գրիգորյանը սկսեց գովերգել իրեն պաշտոնից ազատած Նիկոլ Փաշինյանին ու իր աթոռը զբաղեցրած Արգիշտի Քյարամյանին։

 

«Անկեղծ ասեմ՝ գիտությամբ եմ զբաղվում, ուզում եմ դասախոսություններ կարդալ՝ գիտական աշխատանքը պաշտպանելուց հետո»,- ասաց նա։

 

- Նորից պետական ապարատ վերադառնալու հեռանկար չկա՞։

- Դե, դա ինձանից կախված չէ, ես ոչ մի առաջարկ չեմ ստացել։

- Իսկ ցանկություն ունե՞ք, եթե առաջարկ լինի։

- Ցանկությունն էսպես է՝ 20 տարի միայն քննիչ եմ աշխատել, բնականաբար՝ ինձ հոգեհարազատ է իմ մասնագիտությունը, երբեք ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել՝ չհաշված դասախոսությունները։ Դրա համար հիմա դասախոսությունների վրա կկենտրոնանամ։

- Այսինքն՝ դեմ չեք պետական ապարատ վերադառնալուն, Ձեր փորձն ու գիտելիքներն ուզում եք ծառայեցնել պետությանը։

- Եղբայր, դա իմ մասնագիտությունն է եղել, 20 տարի դրանով եմ զբաղվել։ Իհարկե, դեմ չեմ, դա իմ մասնագիտությունն է, դա իմ աշխատանքն է։

- Այդ դեպքում ինչո՞ւ դիմում գրեցիք-ազատվեցիք, գուցե հակառակը՝ ինչո՞ւ գործող իշխանությունները չցանկացան Ձեզ հետ աշխատել եւ ազատեցին պաշտոնից։

- Այդ ժամանակ գիտական աշխատանքով էի զբաղված, եւ այդ ժամանակ ճիշտն այդպես էր, որ գիտական աշխատանքս ավարտեի։

- Կարծում եք՝ Ձեր ասածը համոզի՞չ կթվա հասարակությանը, որ Դուք պիկի ժամանակ անակնկալ կերպով ազատվում եք։

- Էդ ժամանակ ոչ մի պիկ չկար, ի՞նչ պիկ, եղբայր։

- Դե, քաղաքական ձերբակալություններ էին լինում, քրեական գործեր։

- Քրեական գործեր միշտ են լինում, ու ես չեմ համարում, որ էդ ժամանակ ինչ-որ պիկ կար, կամ քաղաքական ինչ-որ խնդիրներ կային։  

- Բայց տեղեկություններ կային, որ Դուք իշխանության քաղաքական քմահաճույքները լավ չէիք կատարում, փորձում էիք մնալ պրոֆեսիոնալ դիրքերի մեջ, դրա համար դուրս եկաք։

- Դե, հիմա ի՞նչ ասեմ՝ ես իմ աշխատանքը միշտ հստակ կատարել եմ օրենքի շրջանակներում։ Թե ինչ են գրում, ինչ չեն գրում․․․

- Երեւի հենց դա իրենց դուր չի եկել, որ օրենքի շրջանակներում եք կատարել։

- Չէ, բացառում եմ, վարչապետն ինքն է միշտ էդ պահանջը մեր առջեւ դրել, որ միշտ միայն օրենքի շրջանակներում գործենք։

- Դե, վարչապետի պահանջներն ու հայտարարությունները միշտ չէ, որ համընկնում են գործնականում իր արած քայլերի հետ։

- Չէ, միշտ համընկել է, կտրականապես դեմ եմ, միշտ համընկել է։

- Շարունակում եք իշխանությունների ու վարչապետի գործունեությունը դրակա՞ն գնահատել։

- Միանշանակ։

- Գուցե ակնկալիք ունեք, որ կվերադառնաք պետական ծառայության, դրա՞ համար։

- Եղբայր, ես ակնկալիք չունեմ, ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել, զբաղվում եմ գիտական գործունեությամբ, ի՞նչ ակնկալիք, ի՞նչ բան, ոչ մի առաջարկ չեմ ստացել։

- Իսկ որ բուհում եք դասավանդում, Ձեր գիտական գործունեության արդյունքները որտե՞ղ ենք տեսնելու։

- Այ, երեկ հենց պայմանավորվել եմ իմ դասախոս ընկերների հետ՝ մոտ օրերս հանդիպել եւ տեսնել, թե որ բուհում եմ դասավանդելու, ինչ առարկաներ եւ այլն։

- Բայց ոնց որ մի տեսակ Ձեր սիրտը կոտրված է պաշտոնից ազատվելուց հետո։

- Բացառվում է։ Չէ, էդպիսի հիմքեր չկային, ես էլ էդպիսի հիմքեր չտվեցի, որ ենթադրեք։

- Որովհետեւ դեմ չեք վերադառնալ պետական ապարատ եւ աշխատել, բայց առաջարկ չունեք։

- Եղբայր, դա իմ մասնագիտությունն է, ասենք՝ որ Դուք վաղը որոշ ժամանակով լրագրողի գործունեությունը դադարեցնեք, հետո ձգելո՞ւ է Ձեզ դա, թե՞ ոչ։ Իհարկե, այո։ Հիմա ամբողջ կյանքս աշխատել եմ կա՛մ քննիչ, կա՛մ դասախոս։

- Կախված կլինի նրանից, թե ինչ հանգամանքներում կդադարեցնեմ լրագրողական գործունեությունը կամ ինչպես կհեռանամ դաշտից։

- Պատկերացրեք, որ բացարձակ ոչ մի բան չի եղել, բացարձակ՝ որոշել էի ընդմիջում տալ։

- Լավ, իսկ հետեւո՞ւմ եք Քննչական կոմիտեի եւ դրա ղեկավար Արգիշտի Քյարամյանի գործունեությանը, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Ոչ․․․ Արգիշտի Քյարամյանին խորին հարգանքով եմ վերաբերվում՝ որպես պրոֆեսիոնալի, որպես լավ տղամարդու։

- Իսկ քաղաքական իրադարձություններին հետեւո՞ւմ եք, Ֆրանսիայի հրապարակում ցույցեր են, հանրահավաքներ, վրաններ են խփել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

- Բնականաբար, տեսել եմ, բայց չեմ հետաքրքրվում, որովհետեւ քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում։

- Երկրի ճակատագիրը, Արցախի խնդիրը, անվտանգության հարցե՞րն էլ չեն հետաքրքրում Ձեզ։

- Իհարկե, դա հետաքրքրում է։

- Դե, մարդիկ հենց դրա համար են պայքարի ելել, ասում են՝ այս իշխանությունները չեն կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը, Արցախի ապագան։

- Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.