Նա երազում էր դառնալ ոստիկանապետ, այսօր նման օրինագիծ է առաջ քաշում․ Վալերիյ Օսիպյանը՝ Վիլեն Գաբրիելյանի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ առավել հայտնի որպես «Նավակ ճոճող», եւս երկու ՔՊ-ականի հետ համատեղ շրջանառության մեջ է դրել մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում 21 տարին լրացած քաղաքացին կարող է դիմել եւ օրինական կարգով ձեռք բերել ակոսափող զենք՝ առանց հինգ տարի Որսորդմիության անդամ լինելու։ ՔՊ-ականների այս նախագիծը քննադատության ու քննարկումների առիթ է դարձել համացանցում, շատերն են դեմ այսօրինակ կարգավորմանը՝ նշելով, որ սրանով կավելանան զենքի գործադրմամբ իրականացվող հանցագործությունները։ Նախագծի հեղինակը՝ «Նավակ ճոճողը», սակայն, հակառակն է պնդում։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեզ հետ զրույցում եւս դեմ արտահայտվեց այսօրինակ նախագծին՝ նշելով․ «Անթույլատրելի եմ համարում Հայաստանում 21 տարեկանից ակոսափող զենք կրելը։ Այսօր օրենք է գործում, որ անձը պետք է հինգ տարի լինի Որսորդմիության անդամ, ունենա ողորկափող զենք, նոր դրանից հետո կան հատուկ ակոսափող հրացաններ, որոնք թույլատրում են հինգ տարի Որսորդմիության անդամ լինելուց հետո նոր ձեռք բերել։ Բայց 21 տարեկանում ձեռք բերել ակոսափող զենք՝ ես դեմ եմ դրան, որովհետեւ դա լավ բանի չի հանգեցնի, եւ տեսեք, թե ովքեր են այդ օրինագծի հեղինակները, ու դրանով իսկ պատասխանը պարզ կլինի»։

 

- Ովքե՞ր են, ինչպե՞ս կբնորոշեք հեղինակին (Վիլեն Գաբրիելյանին)։ Ձեր «թրի տակով» անցե՞լ է նա երբեւէ։

 

- Ինչո՞ւ չէ որ։ Նա այն երիտասարդն է, որը երազում էր դառնալ ոստիկանապետ եւ այսօր պատգամավոր է եւ նման օրինագիծ է առաջ քաշում։

- Վիլեն Գաբրիելյանը երազում էր ոստիկանապե՞տ դառնալ։

- Իրեն հարցրեք։ Հիշո՞ւմ եք՝ իմ պաշտոնավարման տարիներին, շուրջ 1 տարի 6 ամիս ես պաշտոնավարել եմ, ու չի եղել մեկ օր, որ ոստիկանության հասցեին կամ իմ հասցեին որեւէ գրառում չլիներ, քննադատություն չլիներ։ Այդ ամենն ուղղորդված էր։ Իսկ ես Ձեզ ասեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին, գնացեք բացեք ցուցանիշները, եւ ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, իրենց հետ միասին մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ։ Ամենակարեւորը հանցավորության աճի նվազումն է։ Այդ ամենը փաստ է, այնպես չէ, որ ես ամպագոռգոռ բաներ եմ Ձեզ ասում։

- Վիլեն Գաբրիելյա՞նն էր ուղղորդում Ձեր դեմ։

- Այսքանը, ավելին չեմ ասի։

- Իսկ ինչպիսի՞ն էր նրա վարքագիծն այն տարիներին, երբ Դուք Երեւանի փոխոստիկանապետ էիք, ինքն էլ ընդդիմադիր ակտիվիստ էր։

- Դե, սովորական, իր համար․․․ բոլորդ էլ լավ գիտեք՝ ոնց է եղել, ինչ է եղել։  Տարբեր հարցերով տարբեր տեղեր աչքի էր ընկնում իր վարքագծով։

- Վիլեն Գաբրիելյանի բերած հիմնավորումն այն է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինական զենքով հանցագործություններ շատ քիչ են տեղի ունենում կամ առհասարակ տեղի չեն ունենում։ Այսինքն՝ եթե օրինականացվի, մարդիկ իրար վրա չե՞ն կրակի։

- Ուրեմն, մենք այն  ազգն ենք եւ ապրում ենք այնպիսի երկրում, որ մեզ զենք պետք չէ։ Ես կողմ եմ, թող զենք տան սահմանամերձ գոտիներում բնակվող մեր հայրենակիցներին։ Այ, էնտեղ թող տան, ինչո՞ւ են մերժում այդ նախագիծը։ Եթե իրենք չեն կարողանում, թող մարդկանց տան զենքը՝ իրենք իրենց պաշտպանեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.