Գևորգ Բաղդասարյանը քննարկել է քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացման հարցը․ ծրագիրը կգործարկվի

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Պետական համակարգի արդիականացման ծրագրի պատասխանատու Ահարոն Մկրտչյանին և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական վարույթում քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ամփոփմանն առնչվող հարցեր։

 
 

Գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշել է, որ ներդրվող էլեկտրոնային համակարգը նպաստելու է քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը։ Գևորգ Բաղդասարյանը հավելել է, որ համակարգը նաև լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու մարդու իրավունքների պաշտպանության համար։

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակված ծրագրի գործարկման առնչվող գործնական հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերել համակարգի գործարկումը պիլոտային փորձարկմամբ սկսելու, դրան զուգահեռ քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց պատշաճ ուսուցումն ապահովելու, իսկ ամիսներ անց՝ ամբողջությամբ էլեկտրոնային կառավարմամբ մինչդատական քրեական վարույթին անցնելու կապակցությամբ։

Ծրագրի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և հետագա նոր ծրագերի միջոցով օժանդակել համակարգի հետագա կատարելագործմանն ու տեխնիկական վերազինմանը։

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.