Քարվաճառը 1990 թվականին ադրբեջանական տարածք էր, Արցախի տարածքից կորցրել ենք միայն Հադրութը․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Օր առաջ ադրբեջանցիներին պետք է տալ ճանապարհ Սյունիքի վրայով, դա միակ երաշխիքն է, որ Լաչինը չփակվի»: Նման «հույժ հայրենասիրական» մտքերով էր իր վերջին հարցազրույցում հանդես եկել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԳՇ նախկին պետ, դրանից հետո էլ իրեն գեներալ համարող Մովսես Հակոբյանը: Թե ինչ դեր է ունեցել սույն գեներալական ուսադիրներ կրողն արցախյան վերջին պատերազմում, ըստ այդմ էլ, թե ինչու է նման մտքերով հանդես գալիս, կգա ժամանակը, լիովին կպարզվի, վստահ ենք: Բայց մինչ այդ, դեռ կասկածելով՝ մի՞թե Հայոց բանակի հետ կապ ունեցողը կարող է նման բացահայտ խայտառակ մտքեր արտաբերել, փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ հաշվարկներ է արել պարոն Հակոբյանը, որ եկել է նման եզրահանգման: Սակայն նա կտրականապես հրաժարվեց ավելին ասել` պնդելով. «Ես իմ կարծիքն եմ հայտնել, ես այդպես եմ մտածում: Մնացածը, ով է համաձայն, ով` ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելիքը արտահայտելու իրավունք, ես իմ մտածածն եմ արտահայտել»: 

 

Արդյոք Մովսես Հակոբյանի տեսակետը կիսո՞ւմ են նաեւ իշխանականները, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Մովսես Հակոբյանի նման Արցախի հաշվին գեներալական ուսադիրներ ստացած իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, ով նկատեց.

 

- Ես չգիտեմ՝ Մովսես Հակոբյանը ինչ է ասել, Մովսես Հակոբյանը կարա ասի նաեւ, որ, օրինակ, Զանգեզուրը փոխանակենք չգիտեմ ինչի հետ. իրենք փոխանակման վարպետներ են: Մովսես Հակոբյանն ի՞նչ գործ ունի Հայաստանի տարածքների հետ:

 

- Ասում է, որ այդ կերպ կփրկվի Արցախի մնացած մասը:

- Եթե Մովսես Հակոբյանը ուզում է փրկել Արցախը, ապա դա շատ հեշտ է: Ասեմ, թող վերցնի իր բոլոր զինակից ընկերներին, գնան Արցախ ու էնտեղ ամուր պահեն Արցախը: Թող Հայաստանի տարածքները առեւտրի առարկա չդարձնեն, մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ:

- Լավ, բա ո՞րն է Արցախի փրկությունը:

- Արցախի փրկությունը էն ա, որ Մովսես Հակոբյանն ու իր ընկերները գնան Արցախ, կանգնեն արցախցիների կողքին ու տենց պահեն Արցախը (ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորի մտքով անգամ չի՞ անցնում, որ ինքը եւս գնա եւ պաշտպանի Արցախը, երբ այդ նույն Արցախի հաշվին է գեներալ դարձել- հեղ.):

- Ի դեպ, խոսելով Արցախի մասին, Դուք ասել եք, որ արցախցիները փախել են պատերազմի ժամանակ ու հիմա Հայաստանից են Արցախ պահանջում: Ունե՞ք կոնկրետ փաստեր եւ արդյոք այսօր էլ այդ տեսակետի՞ն եք:

- Այո, ես ասել եմ, որ Արցախի որոշ գեներալներ, որոշ ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր պատերազմի ժամանակ գտնվել են Երեւանում: Այո, Ղարաբաղից փախել են Երեւան, չեն կանգնել, չեն կռվել: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, խոսքս գեներալների, պաշտոնատար անձանց մասին է:

- Դե, անուններ հնչեցրեք, խնդրեմ, որ մենք էլ պախարակենք նմաններին:

- Կան հարուցված քրգործեր, որ դեռ նոր են հարուցվել: «Իբայց նոր իշխանությունը ձեւավորվելու է: Կա Քննիչ հանձնաժողով, որն էդ ամեն ինչը ի հայտ կբերի, սաղին հատիկ-հատիկ ցույց ենք տալու ժողովրդին: Քննությունը գնում է, անպատիժ մնացող չի լինելու (ու մինչ քննությունը կավարտվի, «կա՛մ էշը կսատկի, կա՛մ՝ էշատերը»-հեղ.):

- Իսկ իշխանությունները ի՞նչ են անում Արցախը պահելու համար:

- Իշխանությունն Արցախը երբեք չի հանձնի թշնամուն, Արցախից Հայաստան փախածներն են Արցախը հանձնել թշնամուն, իշխանությունը չի հանձնել Արցախը:

- Իսկ այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված սահմանային լարումները նույն Արցախում այս օրերին:

- Թե՛ մեր, թե՛ Արցախի սահմանում ադրբեջանցիների կողմից սադրանքներ լինելու են, եղել են եւ դեռ կլինեն, դրա համար Արցախը ամուր պահելու համար թող միտինգավորները գնան Արցախ:

- Պարոն Մելքոնյան, բայց Սյունիքում էլ են ադրբեջանցիները դիրքավորված:

- Իրենք իրենց տարածքներում խրամատներ են փորում: Դուք էլ մեր կողմում փորեք: Դա պատերազմի նշան չի, նրանք երբեք ռիսկ չեն անի հարձակվեն մեր տարածքների վրա (երեւի «փառապանծ» գեներալ Գագիկ Մելքոնյանից սարսափելով- հեղ.): Այնպես որ, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ուժեղ լինենք, որ էդ ամեն ինչին կարողանանք դիմակայել:

- Բա կորսված Արցախի տարածքնե՞րը, Քարվաճա՞ռը...

- Քարվաճառը1990 թվականին եղել է ադրբեջանական տարածք: Դա Ադրբեջանի տարածք է, որ 90-ականներին մենք վերցրել ենք, գրավել ենք: Մենք խոսում ենք 90-ականների մասին, երբ Սովետական Միության անդամ ենք եղել ու դուրս ենք եկել էդ միությունից: Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը (Շուշին էլ գեներալ Մեքոնյանին փեշքեշ: Չնայած, հասկանո՞ւմ եք, պարտվեցինք. նման գեներալներով էլ ի՞նչ կարող էր լինել-հեղ.)»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.