Եթե դու վախվորած, կուչ եկած ես, ոչինչ էլ չես ստանում․ հիմա մեր պետությունն այս կարգավիճակում է՝ այդ կուչ եկած, ընկճված, վախվորած տանում են երկիրը պատվազրկման․ Կարին Տոնոյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ:

 

- Դուք գրանցեցիք Ձեր կուսակցությունը, սակայն շարունակում եք անվանել «շարժում»։

 

- Հայաստանում, ցավոք, կուսակցությունն այլեւս դիտարկվում է որպես վարկաբեկված խաղաղ կառույց։ Եվ շատերը խորշում են, այնինչ կուսակցությունը միավորում է նույնկերպ մտածող մարդկանց, որոնք հավաքվում են նույն նպատակի համար, պայքարի շուրջ։ Մենք ունենք նաեւ կուսակցություն, որն իրականում ծառայում է մեզ համար որպես գործիք՝ հիմնականում գործընթացներին մասնակցելու համար, եւ քանի որ Հայաստանում, ցավոք, այդպիսի մոտեցում կա կուսակցությանը, մենք ավելի լայն հնարավորություն ենք տալիս շարժման շուրջ համախմբվելու։ Այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ, որ դու մտնես որեւէ կուսակցություն, եթե հարում ես նույն գաղափարին, գաղափարախոսությանը եւ ուզում ես համախմբվել նույն գործի շուրջ։ Սա մեզ ավելի լայն հնարավորություն է տալիս համախմբելու մարդկանց, կառույցների, մեր շարժման մեջ կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, նույնիսկ կուսակցություն կա։

 

- Ո՞ր քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցել։

- Այն քաղաքական ուժերի հետ, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը համարում են անվիճելի արժեք, որոնք Արցախի անկախությունը համարում են անվիճելի արժեք, որոնք երբեւէ չեն կարող Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, եւ որոնց գերագույն նպատակն է՝ ինչ-ինչ ճանապարհներով, այնուամենայնիվ, մի օր տեսնել վերամիավորումն Արցախի հետ։ Այսինքն՝ հասնել նրան, որ Արցախը ոչ միայն ուղղակի դիտորդի կարգավիճակում տեսնել, այլ հասնել նրան, որ Արցախն իր անկախության կարգավիճակը ստանալուց հետո ձգտի եւ հասնի նրան, որ միանա Հայաստանին, որովհետեւ դա մեր հայրենիքի մասն է։ Այլ կարծիք չի կարող լինել, հակառակ դեպքում նույնկերպ Շիրակը կարող է ուզի անկախանալ, Սյունիքը կարող է ցանկություն հայտնի անկախանալ։ Մարմինը պետք է ամբողջական լինի, մեր հայրենիքի գերագույն նպատակը պիտի լինի հայահավաքը։ Եվ ժամանակներն այդ հնարավորությունները՝ ցանկությունն ունեցողների եւ պայքարողների համար, բացում են։

- «5165» շարժումը պահանջագիր է ներկայացրել Հայաստանի ԱԺ, որտեղ ասվում է, որ Արցախի փրկության խնդրի միակ լուծումը նրա անկախության ճանաչումն է։ Ինչո՞ւ դա չի արվել մինչ օրս, անգամ արցախյան 3-րդ պատերազմի օրերին։

- Այդ հարցը մենք՝ ինքներս ենք հիմա տալիս, որ շատ սխալ է արվել։ Համենայնդեպս, մինչեւ պատերազմը մեզ համոզում էին, որ չի արվում, որովհետեւ բանակցություններին կխանգարի։ Չնայած հիմա մենք, համոզված եմ, որ նաեւ իրենք, տարբեր կարծիքի ենք։ Ես այլեւս այդ կարծիքին չեմ։ Մենք մեծ հնարավորություն ունեինք ճանաչելու, որովհետեւ տեսանք, որ Արցախի անկախությունը չճանաչելը մեզ չփրկեց պատերազմից։ Այսինքն՝ այդ պատճառաբանությունը թյուր պատճառաբանություն էր։ Իսկ պատերազմի ժամանակ ամենաճիշտ ժամանակն էր՝ պետք էր ճանաչել։ Այսինքն, եթե մենք տեսանք՝ միջազգային հանրությունն անտարբեր է արցախահայության ճակատագրին, մենք էլ մեր մոտեցումը պիտի դրսեւորեինք։ Եթե մինչեւ այդ մեզ ասում էիք՝ սպասեք, մի ճանաչեք, մենք Ադրբեջանին պիտի ինչ-որ կերպ բանակցությունների միջոցով, փոխզիջումների միջոցով համոզենք, հիմա այլեւս մենք տեսանք, որ որեւէ փոխզիջման նպատակ չկա թշնամու կողմից, եւ, հետեւաբար, դու քո քայլը պիտի անես, որովհետեւ միշտ էլ նա է ինչ-որ բան ունենում, որ ավելի շատին է ձգտում։ Եթե դու վախվորած, կուչ եկած՝ ամենափոքրով ես բավարարվում, ոչինչ էլ չես ստանում։ Հիմա մեր պետությունն այս կարգավիճակում է՝ այդ կուչ եկած, ընկճված, վախվորած, միայն թե պատերազմ չլինի, եւ փորձում են ժողովրդի գլուխն էլ, ականջներն էլ լցնել այդ սխալ, նվաստացուցիչ կարծիքով եւ տանում են երկիրն ուղղակի պատվազրկման, արժանապատվությունից զրկելու եւ համաշխարհային հանրությանն ուղղակի ծաղրի ենթարկում Հայաստանի այսօրվա դիրքորոշումը։ Խելացի մարդիկ, օտարազգի վերլուծաբանները, լսում ենք, թե ինչպես են իրենց զարմանքը, հետո հիասթափությունն արտահայտում, որ հայ ժողովուրդն այս ժողովուրդը չէր, ի՞նչ է կատարվում հայերի հետ։

- Այսօր վախենում ենք ճանաչել Արցախի անկախությունը, բայց հայաստանյան բոլոր համայնքներում Արցախի դրոշ են բարձրացնում։

- Հենց դրա համար էլ մենք հիմա ԱԺ-ին պահանջագիր ենք ներկայացրել, որ այդ հարցը պետք է մտնի խորհրդարան, եւ պետք է լրջագույնս վերաբերվել դրան, որովհետեւ, եթե անգամ այսօր խորհրդարանում գտնվող բոլոր ուժերն ի վիճակի չեն հասնելու դրան, որ Արցախի կարգավիճակի ճանաչմամբ Արցախն ազատագրենք եւ ստիպենք թշնամուն, որ հետ քաշվի, ապա մենք գոնե դրանով իրավական հիմքեր կտանք ապագա սերունդներին, որպեսզի իրենք հետո ավելի լավ պայքարեն Արցախի ինքնորոշման հարցի համար եւ կարողանան հասնել հաղթանակի։ Եթե այսօր դու թույլ ես, ապիկար ես, անկարող ես, դա չի նշանակում, որ հաջորդ սերունդը չի կարողանալու դա անել։ Ո՞վ է իրավունք տվել հաջորդ սերունդների ձեռքից հայրենիքի համար պայքարի իրավունքը խլել։ Մենք իրավունք չունենք, եւ ես կարծում եմ, որ երիտասարդությունը՝ ինքը, պետք է բարձրանա եւ ասի, որ սա իմ հայրենիքն է, եւ ես իմ հայրենիքի համար վաղվա պայքարելու իրավունքն եմ ուզում։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր պատվախնդիր, արժանապատվություն ունեցող հայ չի կարող համակերպվել դրա հետ, եւ մենք դա թույլ չենք տալու։

- Ապրիլի 7-ին վարչապետի կինը զոհվածների մայրերին էր հրավիրել՝ Ձեզ հրավիրե՞լ էին։

- Ոչ, ես, փառք Աստծո, հրավեր չեմ ստացել։ Լավ է՝ չեն հանդգնել ինձ անպատվել այդպիսի հրավերով։ Ի տարբերություն շատ միամիտ մարդկանց, ես շատ լավ եմ հասկանում, թե իրենք ինչ են անում։ Սա իրենց տեխնոլոգիաներից մեկն է՝ ատելության սերմը նորից գցել, նույնիսկ ծնողներին իրար դեմ հանել, պառակտել։ Պետք չէ քննադատել որեւէ ծնողի։ Յուրաքանչյուր ծնողի դատավոր իր զավակն է, որ երկնքում է, թող երկնքից դատի։ Եվ այդ տղաներին ես այնքան եմ հարգում, ինչպես իմ որդուն, որ երբեւիցե ինձ թույլ չեմ տա քննադատել նրանց ծնողներին։ Ես ընդամենը կասեմ՝ ստոր գործիքներ եք օգտագործում՝ նույն վարչապետի տիկին կոչվածին, հեռու մնացեք ծնողներից։ Եվ եթե դուք այդքան հարգող եք զոհվածների ծնողներին, Եռաբլուրը կարգի բերեք։ Դուք տեսեք, թե Ադրբեջանում ինչպիսի վիճակ է պանթեոնում՝ շքեղաշուք, եւ գնացեք մեր պանթեոնը տեսեք։ Որ ծնողը կարողացել է, իր որդու քարը դրել է։ Անցած տարի հրապարակավ մեզ խոստացան, որ յուրաքանչյուր տղայի տարին երբ որ լրանա, քարը կդրվի։ Մինչեւ հիմա ընդամենը բետոնե կույտ է Եռաբլուրը։ Եվ մինչեւ հիմա մեր զավակների մոտ գնալիս, եթե անձրեւ է, ցեխերի միջով ենք քայլում։ Իշխանության ճիշտ երեսը երեւում է Եռաբլուրի ցեխերի մեջ։ Չարժե, որ նրանք այնտեղ գնան։ Իրականում մի գիրք հրապարակել են այդ տղաների մասին, որեւէ բան, որ այդ տղաների հերոսացումը կտար սերունդներին, արել են։ Նրանց նպատակը սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակելը չէ։ Նրանց նպատակն այս ազգը պառակտելն է եւ այս ազգին թույլի, նվաստի հոգեվիճակի տրամադրելն է։

- Ձեզ երբեմն մեղադրում են իշխանական պրոյեկտ լինելու մեջ, գուցե պատճառն այն է, որ Աննա Հակոբյանի հիմնադրամի նախկին տնօրե՞նն է ընդգրկվել շարժման մեջ։

- Չգիտեմ, մեղադրողներին հարցրեք։ Ես համոզված եմ, որ դա իրենց արածն է, որովհետեւ, եթե դու ինչ-որ մեկի դեմ չես կարողանում պայքարել, պիտի տարածես, որ ինքն իմոնցից է։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից մարդու համար առնվազն պիտի ծիծաղելի լինի, որ ես կարող եմ անգամ շփման մեջ մտնել այս վարչապետ կոչվածի կամ նրա տիկնոջ հետ։ Ես Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան անձերի հետ գործ չունեմ, գործ ունեմ պաշտոնյաների հետ։ Նրանք անձ չեն, այլ մեր կողմից ընտրված ծառայողներն են։ Ես եմ ընտրել նրանց եւ վարչապետ դառնալու իրավունքը տվել, ինչպես յուրաքանչյուր հայ։ Մեր իշխանությունների թերությունն այն է, որ երբ իրենք այդ աթոռները գրավում են, հավատում են այդ բառի զորությանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.