Ինչպես ճիշտ երազանք պահել, որպեսզի այն իրականանա

Կանոն 1. անպայման ձեր երազանքը գեղեցիկ շարադրեք

Հեշտ է ասել, բայց դժվար է անել: Հասկանանք օրինակներով. «Ես ուզում եմ ունենալ սեփական տուն»: Ճի՞շտ է գրված: Սկզբունքորեն սխալ է: Այդ երազանքը կարող է իրականանալ, բայց ե՞րբ: Առանց հստակ ժամկետների` երազանքն անիմաստ է: Հիշեք սա: Հետեւաբար հաջորդ կանոնն ասում է.

Կանոն 2. երազանքը պետք է ունենա իրականացման ժամկետ

 
 

Օրինակ` «2017 թվականի ամռանը ես կունենամ մեծ, գեղեցիկ առանձնատուն»: Իսկ եթե սկսեք մտածել` «Ես կգնեմ առանձնատուն», դա կլինի սխալ: Ձեր գրածը գուցե իրականանա, բայց անհայտ է, թե երբ: Նախքան երազանք գրելը, մտածեք, թե երբ եք ցանկանում, որ այն իրականանա (իհարկե, ողջամիտ ժամկետում): Միայն այդ ժամանակ ակտուալ կդառնա էզոտերիկայի երրորդ կանոնը:

Կանոն 3. երազանքը գրի առեք ներկա ժամանակով

 

«Ես կգնեմ տուն» գրելու փոխարեն, գրեք «Ես գնել եմ տուն»: Կարեւոր է պատկերացնել, որ դուք տուն արդեն ունեք: Եւս մեկ հաճախակի սխալ. «Ես չեմ ուզում աղքատ լինել»: Ճի՞շտ է: Ոչ, սխալ է: Եւ դրա համար կան ծանրակշիռ պատճառներ:

Առաջին՝ տիեզերքը չի ընկալում «չ» մասնիկը, «ոչ» բառը եւ բացասական այլ ձեւեր, ասում եք` «Աղքատ չեմ ուզում լինել», իսկ տիեզերքը «չ»-ն չի լսում:

Երկրորդ՝ մենք, ինչպես մագնիսը, ձգում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Ասելով` «Աղքատ չեմ ուզում լինել», դուք ինքնաբերաբար կանչում եք աղքատությունը, քանի որ (ինչպես արդեն ասացինք) տիեզերքը չի ընկալում «չ» բացասական մասնիկը: Ուստի ավելի լավ է ասել այսպես. «ես ուզում եմ լինել հարուստ եւ ես կլինեմ հարուստ»:

Կանոն 4. գրեք մանրամասն, հուզական, սրտանց

Եթե ցանկանում եք ունենալ նոր տուն, նկարագրեք այն ամբողջությամբ` սկսած մուտքից, դիրքից, սենյակների քանակից, վերջացրած այն տեղով, ուր կդնեք ձեր սիրելի ծաղկամանը: Պատկերացրեք այն պահը, երբ ոտք կդնեք նոր տուն, եւ նկարագրեք այն թղթի վրա: ՇԱՏ կարեւոր է, որ ձեր երազանքը չվնասի այլ մարդկանց. այս դրույթին հետեւում է…

Կանոն 5. գրի առած երազանքն ավարտեք աղոթքով կամ հմայական խոսքով

Գրի առնելով երազանքը` խոնարհաբար օգնություն խնդրեք երկնային ուժերից: Եթե հավատում եք Աստծուն, աղոթեք, եթե աթեիստ եք, հնարեք ձեր հմայական խոսքը, օրինակ` «Թող որ իմ ապագա տունը լցված լինի ուրախությամբ եւ երջանկությամբ: Թող որ իմ զավակները եւ թոռները շարունակեն ապրել այստեղ եւ իմ ու իրենց կյանքը լցնեն սիրով: Թող որ իմ այս երազանքը բերի ինձ ոչ միայն երջանկություն, այլ առավել մի բան»: Ուշադրություն դարձրի՞ք ձեւակերպմանը` «առավել մի բան»: Պետք չէ սահմանափակել ձեզ օգնելու տիեզերքի ջանքերը: Գուցե նա ձեզ արժանի համարի նաեւ այլ շնորհների: Ապա հանգիստ բաց թողեք երազանքը եւ գրեթե մոռացեք նրա մասին: Ապրումները եւ կպչուն մտքերը միայն կխանգարեն նրա իրականացմանը: Ուստի կա հաջորդ կանոնը:

Կանոն 6.  երբեք մի սեւեռվեք ձեր երազանքի վրա

Բաց թողեք ձեր երազանքը, բայց եւ գործեք: Գրի առնելով երազանքը եւ թուղթը թաքցնելով աննկատ մի անկյունում, մի կարծեք, թե դրանով ամեն բան արված է: Գնացեք երազանքին հանդիման, բայց մի սեւեռվեք: Եւ մի խախտեք տիեզերական ներդաշնակությունը` ամեն բան ոտնատակ տալով ճանապարհին՝ հանուն նպատակի: Գործեք կշռադատված, ողջամիտ կերպով, եւ երազանքն անպայման կիրականանա:

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.