Հովիկ Աբրահամյանի տան գործով քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել վերադաս դատախազին

Նախօրեին ՀՀ գլկխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հեռացվել է վարույթից:

 


Այս առնչությամբ Tert.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում են անհիմն և ապօրինի. «Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»:

 

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբարահամյանի առանձնատունը գտնվում էր արգելանքի տակ,քանի որ քրեական գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց։

 

Նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները, դատարանը որոշել էր բավարարել հայցը, և մինչ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, Հակակոռուպցոին կոմիտեի քննիչը, ըստ Դատախազության տարածած հաղորդագրության, առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա. Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը վաճառվել էր։

Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ կոմիտեն  գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.