«Եթե ԱԺ-ն նախաձեռնի իմ տարեկան հաղորդման քննարկումը, ապա այն ինքս պետք է ներկայացնեմ». Արման Թաթոյան

Ավանդաբար յուրաքանչյուր տարի՝ այս շրջանում, Ազգային ժողովում (ԱԺ) ներկայացվում են գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան հաղորդումները:

 

Այս տարին ուշագրավ է լինելու այն առումով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջին անգամ է հաղորդում ներկայացնելու գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ներկայացումը խոստանում է ինտրիգային լինել:

 

Ըստ կարգի՝ Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 31-ը, հրապարակում և Ազգային ժողովին է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքն ասում է.

 

Հոդված 31. Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՄԻՊ տարեկան հաղորդման շուրջ: Նախկին պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնավարման ժամկետից մեկ օր առաջ ներկայացրեց նախորդ տարում կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդումը: Զեկույցն ամբողջական է և հրապարակված, բավականին ծավալուն է՝ կազմված 1575 էջից:

Նախկին ՄԻՊ-ը հրապարակել է նաև 2021թ. տարեկան զեկույցը` որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ (360 էջ):

Տարեկան հաղորդման մեջ զգալի տեղ է հատկացված գերիների ազատ արձակման և նրանց չվերադարձնելու միջազգային պահանջների խախտումներին, հայկական կողմի գերիների՝ Ադրբեջանում կեղծ դատավարություններին, հայատյացության խրախուսմանը և թշնամանքի քարոզին՝ որպես ադրբեջանական պետական քաղաքականության մասի, թուրք-ադրբեջանական սոցցանցերում հայատյացության գեներացմանը, ՀՀ սահմանային բնակիչների կյանքի, խաղաղ և անվտանգ ապրելու, սեփականության, սոցիալ-տնտեսական, ազատ տեղաշարժի և անվտանգության իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ջրային պաշարների անվտանգ օգտագործման խնդիրներին:

Ու հիմա խնդիրն այն է՝ ո՞վ պետք է ներկայացնի հաղորդումն Ազգային ժողովում: Գաղտնիք չէ, որ ՄԻՊ կառույցն անձնավորված կառույց է, և պարտադիր է, որ հաղորդումը գրած Պաշտպանն ինքն անձամբ այն ներկայացնի Ազգային ժողովում, քանի որ ինքն է արձանագրել տարատեսակ խախտումները, դրանց պատճառները, այն, որ դրանք կառավարության կոպիտ ու սխալ քաղաքականության արդյունք են: Զեկույցում, ինչպես նշվեց, մեծ տեղ է հատկացված սահմանային անվտանգության հարցերին: Այստեղ զգալի են նախկին ու ներկա ՄԻՊ-երի դիրքորոշումների սկզբունքային տարբերությունները: Մասնավորապես, գործող ՄԻՊ-ը կարծում է, որ պետք չէ ֆետիշացնել անվտանգության գոտու գաղափարը, մինչդեռ Արման Թաթոյանը դա դիտարկում է՝ որպես սահմանային բնակիչների իրավունքների իրացման ու ապահովման կարևորագույն երաշխիքներից մեկը: Բացի դրանից, Արման Թաթոյանը նշում էր, որ գործընթացի հիմքում չեն դրվում մարդու իրավունքները, ամեն ինչ դիտարկվում է քաղաքական պրիզմայի ներքո, անվտանգությունը կտրվում է մարդուց, և սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Նախկին պաշտպանը քննադատում էր նաև այն պաշտոնյաներին, ովքեր իրենց հայտարարություններով նպաստել են նրան, որ ադրբեջանական զինծառայողներն ավելի ամրանան մեր սահմաններին: Կտրուկ դեմ է եղել նաև զորքերի հայելային հետքաշման գաղափարին: Հենց սա էր նախկին ՄԻՊ-ի հիմնական հակասությունը կառավարության հետ:

Քրիստիննե Գրիգորյանին այս ամենը նկատի ունենալով են առաջադրել, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է գործող ՄԻՊ-ը խոսել այն մասին, ինչ գրված է Արման Թաթոյանի կազմած զեկույցում:

Իհարկե, զեկույցի ներկայացման ինստիտուցիոնալ բաղադրիչը նույնպես պետք է հաշվի առնել, սակայն, բնականաբար, անձի կարևորությունը դժվար է թերագնահատել:

Ազգային ժողովը չի կարող չանել քննարկում, որովհետև դա կնշանակի, որ նախորդ տարում Հայաստանում մարդու իրավունքների խախտումներ չեն արձանագրվել, կամ արձանագրվել են, սակայն երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը դրանք չի կարևորում:

Ակնհայտ է, որ գործող ՄԻՊ-ը չի կարող Արման Թաթոյանի կազմած զեկույցը ներկայացնել ԱԺ-ում: Պատճառները բազմաթիվ են:

Քրիստիննե Գրիգորյանը մինչ ՄԻՊ պաշտոնը ստանձնելը զբաղեցրել է քաղաքական պաշտոն՝ լինելով արդարադատության նախարարի առաջին տեղակալը: Այստեղ շահերի մեծագույն բախում կա: Մասնավորապես, Քրիստիննե Գրիգորյանը՝ որպես արդարադատության փոխնախարար, եղել է Քրեական օրենսգրքի տխրահռչակ 137.1 կամ ծանր վիրավորանքի հոդվածի զեկուցողն Ազգային ժողովում, իսկ Արման Թաթոյանի տարեկան հաղորդման մեջ այդ հոդվածը խիստ քննադատության է ենթարկված: Նախկին ՄԻՊ-ը դիմել էր նաև Սահմանադրական դատարան այդ հոդվածի սահմանադրականության խնդրով, և ապրիլի 26-ին ակնկալվում է որոշում: Պարզ է, որ գործող ՄԻՊ-ը կշրջանցի այդ հատվածը: Կշրջանցի նաև, օրինակ, քրեակատարողական համակարգին վերաբերող մասը, քանի որ որպես արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարության քաղաքական ղեկավարության մաս՝ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանատու է խնդիրների, ծրագրերի ու նաև պրոբլեմների համար, և եթե այդ ծրագրերը չեն իրականացվել, նաև ինքն է դրա պատասխանատուն:

Կամ ինչպե՞ս գործող ՄԻՊ-ը պետք է ներկայացնի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, եթե, օրինակ, ՔԿԱԳ գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանն այժմ ՄԻՊ գլխավոր քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում:

Պարզ ասած՝ Քրիստիննե Գրիգորյանը կառավարության մաս է կազմել ու չի կարող խոսել ընդդեմ կառավարության ծրագրի:

Բացի դրանից, պետք է հիշել, որ Պարեկային ծառայության մոդելի իրականացումը համակարգել է Քրիստիննե Գրիգորյանը, երբ արդարադատության փոխնախարար էր: Անհասկանալի է՝ եթե խնդիրներ լինեն՝ կապված Պարեկային ծառայության հետ, ինչպե՞ս է դրանց արձագանքելու Քրիստիննե Գրիգորյանը:

168.am-ը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց՝ կներկայացնի՞ արդյոք Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը:

«Եթե ԱԺ-ն նախաձեռնի իմ տարեկան հաղորդման քննարկումը, ապա այն ինքս պետք է ներկայացնեմ»,- ասաց Արման Թաթոյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.