Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դատարանի որոշմամբ մարտի 28-ին ազատ արձակված Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախօրեին գնացել է համայնքապետարան, հանդիպել աշխատակազմի հետ։ Ինչպես նախօրեին գորիսեցիներն էին խանդավառ դիմավորում Առուշանյանին՝ մատաղ անում եւ ուրախանում, նույնկերպ էլ համայնքապետարանի աշխատակիցներն են ոգեւորությամբ դիմավորել 8 ամիս բանտում անցկացրած իրենց ղեկավարին։

 

Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանց բոլորին նույն հարցն է հետաքրքրել՝ Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ, թե՞ դատարանի որոշմամբ այլեւս չի կարող պաշտոնավարել։ Պատասխանը եղել է այն, որ իրավական որոշակի հարցեր կան, որոնք փաստաբանների հետ քննարկելուց հետո նոր պարզ կդառնան։ Իսկ մինչ այդ Առուշանյանը հայտնել է, որ մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին՝ ինքն է վարելու նիստը։ Համայնքապետարանում նա երկար չի մնացել, շրջայցի է դուրս եկել Գորիս եւ միավորված համայնքներ։

Հիշեցնենք․ ըստ դատավճռի՝ Առուշանյանը չի կարող ղեկավարել Գորիս համայնքը. որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելը։ Եթե, իհարկե, դատավճռի այս մասը չբեկանվի վերադաս ատյանի կողմից եւ չվերացվի»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.