«Ջրի գինը սոցիալապես անապահով խմբի համար չի թանկացել, մնացածի դեպքում բարձրացել է 20 դրամով». ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ աշխարաքաղաքական  նոր զարգացումներով չեն պայմանավորված թանկացումները, քանի որ բոլոր թանկացումները եղել են 2021 թվականի ընթացքում։

 

«Եթե ըստ ոլորտների նայենք, ապա խմելու ջրի հետ կապված և ջրահեռացման սակագների հետ կապված բարձրացումը կապված է հիմնականում այն պայմանագրի հետ, որը 15 տարի վարձակալությամբ ունենք։ Այնտեղ գնագոյացումը բավականին հստակ է և 15 տարվա համար ունենք բազիսային գներ, հիմնական ճշգրտման գործոններ, դրանցով էլ պայմանավորված է եղել բարձրացումը։ Ջրային օրենսգրքում կատարել ենք համապատասխան փոփոխություն, որ առանձնացվել է սոցիալապես անապահով խումբ։ Այդ խմբի համար թանկացում տեղի չի ունեցել, մնացածի դեպքում սակագինը բարձրացել է շուրջ 20 դրամով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։

 

Ինչ վերաբերում է  բնական գազի թանկացմանը, ՀԾԿՀ  նախագահն ասաց, որ գազի սակագնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է  եղել այն հանգամանքով, որը դեռևս 2013 թվականից էր նախատեսված, որ 2022 թվականի ապրիլի 1-ից  բանաձևով սահմանին գազի գինը պետք է ճշգրտվի՝ գազի ջերմատվությամբ պայմանավորված։

 

«Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ կարող եմ նշել 2 հիմնական գործոն, դա կրկին «Գազպրոմի» հետ ընդհանուր պայմանավորվածությունների շրջանակում ձեռք բերված կոմպլեքս պայմանավորվածությունն է, որը նախատեսում է  առաջիկա 10 տարիների համար գնագոյացում Հրազդանի 5-րդ էներգաբլոկի համար։ Ըստ այդ պայմանավորվածությունների՝ բարձրացումը կապված է նաև բնական գազի գնի հետ։ Այսինքն՝ առաջիկա 10 տարիների ընթացքում եթե բնական գազի գինը ենթարկվի փոփոխության, ապա համապատասխանաբար՝ նվազեցվելու է էլեկտրաէներգիայի գինը, որը նախատեսված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի համար»,- շեշտեց Գարեգին Բաղրամյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.