Կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով․ Վահան Քերոբյան

Հայաստանում արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու համար. Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են այս հարցով, արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում:

 

Նախարարը նախ նշեց, որ ռուս-ուկրաինական հայտնի իրադարձությունների հաջորդ օրվանից իրենք լուրջ աշխատանք են կատարում Հայաստանի արտահանողների հետ, որպեսզի հասկանան, գույքագրեն նրանց խնդիրները: Որոշ խնդիրներ արդեն լուծվել են, բայց մեծ խնդիրները կառավարության որոշումների նախագծերի տեսքով շրջանառվում են:

«Բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն: Այն պայմանագրերը, որոնք ԱՄՆ դոլարով էին, վճարման հետ կապված դժվարություններ կան, այն պայմանագրերի դեպքում, որոնք ռուբլիով էին, դեբիտորական պարտքի էական արժեզրկման կապակցությամբ արտահանողներն ընկել են դժվար դրության մեջ: Եվ մենք կառավարության որոշման նախագծով փորձելու ենք «թթվածին» տալ արտահանող ընկերություններին, որպեսզի իրենք իրենց կանխիկ հոսքերի ժամանակավոր խզումը կարողանան լուծել»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով արտարժույթին՝ նախարարը նշեց, որ այսօր արտահանողների մեծ մասը մեծ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլիով արտահանումներ իրականացնելու մեջ:

 

«Եվ այսօր մենք, ՀՀ ԿԲ-ն, ՌԴ ԿԲ-ն և գործընկեր նախարարությունները իրար հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք ռուբլի-դրամ սվոփ կնքել, որի արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը ռուս գործընկերների մոտ և ապրանքը վաճառել դրամով, որը մեզ համար շատ ավելի հասկանալի արժույթ է՝ մեր երկրի արժույթն է: Եվ դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը»,-ասաց Քերոբյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.