Մեծ պրոֆեսիոնալը․ Հենրիխ Մխիթարյան

Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Ազգային հավաքականի վերջին տարիների առաջատարը նշել է, որ Գերմանիայի հետ խաղից հետո է կայացրել այս որոշումը։

Հենրիխի որոշումն անակնկալ էր շատերի համար, բայց ամեն ինչ գնում էր դրան։ Վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հենրիխի հարաբերություններն ակնհայտորեն վատթարացել են։ Այս մասին կարելի է շատ երկար գրել, քննարկել, բայց ինքը՝ Հենրիխը, չի խոսում այս մասին՝ հեռու մնալով սկանդալներից և ուշադրություն չհրավիրելով իր անձի վրա։ Ամեն դեպքում, չի կարելի չհիշել, որ Արմեն Մելիքբեկյանի գալով՝ Հենրիխի ընտանիքի և ՀՖՖ հարաբերությունների միջև սև կատու անցավ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հենրիխի մայրը՝ Մարինա Թաշյանը, երկար տարիներ ֆեդերացիայում աշխատելուց հետո չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ։ Բայց թողնենք այս խոսակցությունները միայն քննարկումների համար՝ այս հոդվածով հիշելով Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի և պրոֆեսիոնալ մարզիկի մասին։

 

Հենրիխի կյանքի պատմության մասին շատ է խոսվել, նա ունեցել է ամբողջությամբ ֆուտբոլի վրա կենտրոնացած մանկություն և սովորել է՝ ինչպես լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Իր կյանքի և ֆուտբոլային տարիների մասին լավագույն կերպով պատմում է հենց Հենրիխը։

 
 

«Իմ ամենավաղ հիշողություններից մեկն այն է, որ ես խնդրում էի իմ հայրիկին՝ Համլետին, ինձ իր հետ մարզման տանել Ֆրանսիայում: Ես երևի 5 տարեկան էի: Իմ հայրը խաղացել է նախկին Խորհրդային Միության թոփ առաջնությունում՝ իմ հայրենիք Հայաստանում: Նա կարճահասակ, բայց շատ արագ ֆուտբոլիստ էր: Խորհրդային Միության ամսագիրներից մեկը 1984 թվականին նրան տվել է «Հարձակման ասպետ» տիտղոսը:

1989 թվականին, երբ ես երեխա էի, Հայաստանում ծավալված որոշ կոնֆլիկտների պատճառով մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Այնտեղ հայրս խաղում էր երկրորդ լիգայում: Ամեն առավոտ, երբ նա գնում էր մարզումների, արտասվելով խնդրում էի նրան, որպեսզի նա տաներ ինձ իր հետ:

 

Այդ տարիքում ես այնքան էլ չէի մտածում ֆուտբոլով զբաղվելու մասին, ես ցանկանում էի լինել իմ հայրիկի հետ: Բայց նա չէր ցանկանում, որ ես խանգարեի նրան մարզումների ժամանակ, այդ իսկ պատճառով նա խորամանկ ծրագիր էր մշակել:

Մի առավոտ ես ասացի նրան.

– Հայրիկ, տար ինձ քեզ հետ մարզման:

Բայց նա ասաց ինձ.

– Ոչ, Հենրիխ, ես չեմ գնում մարզման, ես գնում եմ սուպերմարկետ, շուտով ես կվերադառնամ:

Ես երկար սպասում էի նրան, բայց նա չէր գալիս: Նա վերադարձավ 4 ժամ հետո՝ առանց տոպրակների: Ես սկսեցի արտասվել:

Իմ ժամանակը հայրիկիս հետ շատ կարևոր էր, բայց կարճ: Երբ ես 6 տարեկան էի, ծնողներս ասացին ինձ, որ մենք տեղափոխվում ենք Հայաստան: Ես իսկապես չհասկացա՝ ինչ է կատարվում: Հայրս դադարեց ֆուտբոլ խաղալ, և մենք ողջ ժամանակը տանն էինք անցկացնում:

Ես չգիտեի դրա մասին, բայց հայրս գլխի ուռուցք ուներ: Ամեն ինչ շատ արագ եղավ: Մեկ տարի անց նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, ես չէի կարողանում հասկանալ՝ ինչ ասել է՝ մահ:

Ես հիշում եմ, որ իմ մայրն ու մեծ քույրը միշտ արտասվում էին: Ես հարցնում էի
նրանց՝ որտե՞ղ է հայրիկը, բայց նրանք չէին կարողանում պատասխանել ինձ: Օր-օրի նրանք սկսեցին պատմել ինձ՝ ինչ է տեղի ունեցել:

Ես հիշում եմ, որ մայրս ասում էր՝ «Հենրիխ, նա երբեք չի լինի մեզ հետ»:

Եվ ես մտածում էի՝ երբե՞ք: «Երբեքը» երկար ժամանակ է, երբ դու 7 տարեկան ես:

Մենք ունենք շատ տեսանյութեր, և ես հաճախ եմ դիտում դրանք: Ամեն շաբաթ 2-3 անգամ ես դիտում եմ նրա խաղերը, դա ինձ երջանկացնում է: Ես երջանկանում եմ հատկապես այն ժամանակ, երբ տեսնում եմ՝ ինչպես էր նա նշում գոլը իր թիմակիցների հետ:

Այդ տեսանյութերում իմ հայրիկը ապրում է:

Հայրիկիս մահից մեկ տարի անց ես սկսեցի մարզվել: Նա իմ շարժիչ ուժն էր, նա իմ իդեալն էր: Ես ասում էի ինքս ինձ, որ պետք է վազեմ նրա նման, որ պետք է հարվածեմ նրա նման: Երբ ես 10 տարեկան էի, ֆուտբոլը իմ կյանքն էր: Մարզվել, կարդալ, դիտել, խաղալ ֆուտբոլ անգամ PlayStation-ով: Ես ամբողջովին կենտրոնացած էի ֆուտբոլի վրա: Ես միշտ ցանկացել եմ խաղալ երեք ֆուտբոլիստի նման՝ Զիդան, Կակա և Համլետ: Շատ դժվար էր, քանի որ իմ մայրը և՛ մայր, և՛ հայր էր ինձ համար: Նա միշտ իմ կողքին էր, բայց երբեմն էլ կոպիտ էր ինձ հետ, ինչպես պետք է հայրս լիներ:

Երբեմն ես պարապմունքից տուն էի վերադառնում և ասում էի, որ շատ հոգնած եմ ու ուզում եմ լքել պարապմունքները, բայց մայրս ասում էր, որ ես պետք է շարունակեմ մարզվել և մտքիցս հանեմ պարապմունքները դադարեցնելու մտքերը:

Հայրիկիս մահվանից հետո մայրս պետք է աշխատեր, որպեսզի ապահովեր ընտանիքին: Նա սկսեց աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Դա մի փոքր զվարճալի դարձավ, երբ ես սկսեցի խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Երբ ես էմոցիոնալ ժեստեր էի անում խաղադաշտում, մայրս ինձ նախատում էր և ասում, որ աշխատանքի վայրում գուցե անախորժություններ ունենա: Որքան էլ ես փորձեի արդարանալ, նա ասում էր, որ ես պետք է քաղաքավարի լինեմ:

Դժվար էր, երբ հայրս հեռացավ մեզնից: Մայրս և քույրս արել են ամեն բան, որպեսզի ես ինձ լավ զգամ: Նրանք անգամ թողեցին, որ ես 13 տարեկանում միայնակ գնամ Բրազիլիա՝ Սան Պաուլու՝ մարզվելու: Այն ժամանակ ես ամաչկոտ երեխա էի Հայաստանից, ում համար բարդ էր, քանի որ նա չէր խոսում պորտուգալերեն: Բայց ինձ համար միևնույն էր, քանի որ ես ստացել էի հնարավորություն՝ գնալու ֆուտբոլային դրախտ:

Ես երազում էի լինել Կակայի նման: Բրազիլիան մի վայր էր, որտեղ ես կարող էի սովորել ստեղծարար ֆուտբոլ, նոր ոճ, որը բրազիլացիները կոչում էին ժինգա: Իրականում ես սովորել էի լեզուն Բրազիլիա գնալուց 2 ամիս առաջ, սակայն, երբ գնացի Սան Պաուլու, հասկացա, որ մի բան է՝ սովորել լեզուն, մեկ այլ բան՝ խոսել մարդկանց հետ:

Ես մեկնել էի Բրազիլիա ևս 2 հայ ֆուտբոլիստների հետ: Երբ մեզ տվեցին մեր սենյակների բանալիները, մենք հասկացանք, որ մեր հարևանները լինելու են բրազիլացիներ:

Երբ ես մտա սենյակ, այնտեղ տեսա մի նիհար և մուգ մազերով տղայի, ով մոտեցավ ինձ և ասաց՝ Bom dia! Meu nome é Hernanes:

Այն ժամանակ նա պարզապես անծանոթ էր, բայց հիմա նա Էռնանեսն է, ով խաղում է «Յուվենթուսում»:

Մենք ապրում էինք մարզաբազայում: Այնտեղ չկային խաղային ապարատներ, այնտեղ կար միայն հեռուստացույց, որտեղ ամեն ինչ պորտուգալերեն էր: Ես չէի հասկանում, թե ինչ էին խոսում բրազիլացի ֆուտբոլիստները: Նրանք ինչ-որ բաներ էին ասում բրազիլերեն և ժպտում էին: Ես ոչինչ չէի հասկանում: Անհնար է նկարագրել, թե ինչ ջերմ են մարդիկ Բրազիլիայում, դա պետք է զգալ:

Մենք շփվում էինք մեկ միջազգային լեզվով՝ ֆուտբոլի լեզվով: Մենք դարձանք շատ մտերիմ ընկերներ: Ես հիշում եմ, որ մի քանի գոլ խփեցի մեկ մարզման ընթացքում և սկսեցի մտածել, որ ես հայ ֆուտբոլիստ եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում: Այդ մտքից ես ինձ աստղ էի զգում:

Բրազիլիայում խելահեղ ֆուտբոլային մշակույթ է: Հայաստանում մենք մարզվում էինք՝ ավելի կենտրոնանալով ֆիզիկականի, քան տեխնիկայի վրա: Բրազիլիայում հակառակն էր:

Մայրս ինձ հաճախ էր զանգահարում: Դա մի փոքր ծիծաղելի էր, քանի որ միջազգային զանգերի համար մենք ունեինք միայն մեկ հեռախոս՝ տնօրենի աշխատասենյակում: Ամեն առավոտ մարզումից առաջ տնօրենը գալիս էր և ասում՝ «Հենրիխ, կրկին քո մայրն է զանգահարում»:

Մայրս հեռախոսի մյուս կողմից ինձ բազում հարցեր էր տալիս՝ ինչպե՞ս ես, ինչպիսի՞ն է սնունդը, դու նորմալ սնվե՞լ ես, և այլն: Ես պարզապես պատասխանում էի նրան, որ ես մարզումից ուշանում եմ, նա պետք է ավելի ուշ զանգի:

Մի քանի ամիս անց ես տիրապետում էի պորտուգալերենին լավ: Դրանից հետո ես սկսեցի Էռնանեսին սովորեցնել հայկական այբուբենը: Մենք ուրիշ բան չէինք կարող անել, քանի որ այնտեղ չկար PlayStation:

Երբ ես վերադարձա Հայաստան, շատ նիհարել էի, բայց ես դարձել էի տեխնիկապես ավելի ճկուն և ակտիվ: Ես ինձ զգում էի՝ ինչպես հայկական Ռոնալդինիոն:

Այդ ժամանակ իմ գլխում անընդհատ երեք լեզու էր պտտվում՝ հայերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն: Ես խոսում էի կիսահայերեն և կիսապորտուգալերեն: Նույնը կատարվում է հիմա անգլերենի հետ, այնպես որ, ներեք իմ ծիծաղելի բառերը:

Հետո ես տեղափոխվեցի Ուկրաինա, և այս լեզուներին միացան մի փոքր ռուսերենն ու ուկրաիներենը: Երբ ես տեղափոխվում էի «Շախտյոր», բոլորն ասում էի, որ ինձ համար բարդ կլինի, քանի որ այնտեղ խաղում էին 12 բրազիլացի ֆուտբոլիստներ: Ես ոչինչ չէի ասում, ես միայն ծիծաղում էի: Մտքում միայն մեկ բան էր պտտվում՝ ես կիսով չափ բրազիլացի եմ: 2013-ին ես Ուկրաինայում սահմանեցի ռեկորդ և դրանով փակեցի բոլոր նրանց բերանները, ովքեր ասում էին, որ ես ոչինչ չեմ կարողանա անել, քանի որ հայ եմ:

Այդ ռեկորդից մեկ տարի անց ինձ առաջարկեցին տեղափոխվել Գերմանիա: Դա շատ հետաքրքիր էր: Այստեղ ես պետք է ծանոթանայի ոչ միայն նոր լեզվի, այլև նոր մշակույթի և մթնոլորտի: Դա շատ բարդ շրջան էր ինձ համար: Առաջին մրցաշրջանը նորմալ էր, բայց հետո ամեն ինչ գնալով վատացավ: Մենք չէինք հաղթում, ես ոչ միայն գոլ չէի խփում, այլև փոխանցումներ չէի անում: Դա շատ տհաճ էր ինձ համար:

Ես շատ դժվար գիշերներ եմ ունեցել իմ բնակարանում, ես միայն մտածում էի և մտածում: Ես հրաժարվում էի անգամ ընթրիքից: Բայց կա մի հետաքրքիր բան. նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը եկավ Դորտմունդ և փոխեց ամեն ինչ:

Եթե ես նորից ծնվեի, գուցե լինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը՝ ես ֆուտբոլիստ եմ:

Ծիծաղելի է, բայց ես երբեք չեմ նայում իմ խաղերը: Ես միշտ նկատում եմ միայն սխալներս և բարկանում եմ: Կարծում եմ՝ ես շատ տարբեր եմ հայրիկիցս: Շատերն ասում են, որ իմ խաղը նման է հայրիկիս խաղին, որ մենք նույն կերպ ենք գործում: Չգիտեմ, ես չեմ նայում իմ խաղը կողքից: Հորս մահից հետո ես դիտում էի նրա տեսանյութերը և երազում էի խաղադաշտով ազատ վազելու մասին»:

Մխիթարյանի կարիերան հավաքականում

Դեռ 2007 թվականին հայկական ֆուտբոլը լավ վիճակում չէր։ Երեք տարվա ընթացքում ազգային հավաքականը հաղթել էր ընդամենը երեք խաղում։ Սրանք անպտուղ տարիներ էին ողջ հայկական ֆուտբոլի համար։ Իսկ հետո Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը վստահվեց շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդին, ով, կարելի է ասել, եթե ամեն ինչ չփոխեց հայկական ֆուտբոլում, ապա շատ բան արեց նրա զարգացման համար։

Իր անձնուրաց նվիրվածությամբ, պրոֆեսիոնալ վերաբերմունքով և իր մարդկային որակներով Յան Պորտերֆիլդը վաստակեց ոչ միայն ֆուտբոլիստների ու երկրպագուների, այլ ողջ հայ ժողովրդի սերը։ Արդեն մահացու հիվանդությամբ տառապող Յան Պորտերֆիլդը լքել էր Մեծ Բրիտանիայի կլինիկան, որպեսզի գա Հայաստան և անձամբ ղեկավարի թիմի խաղը։ Նա ազգային ջոկատի ղեկին էր մինչև իր ողբերգական մահը։

Հենց Պորտերֆիլդի օրոք Հայաստանում վառվեց Հենրիխ Մխիթարյան անունով փոքրիկ աստղը։ Մխիթարյանի տաղանդն անմիջապես նկատեց շոտլանդացին, և ֆուտբոլիստը դեբյուտ ունեցավ Պանամայի հետ ընկերական խաղում, իսկ հետո՝ Անդորրայի հետ պաշտոնական հանդիպմանը։ Շոտլանդացին առանցքային դեր խաղաց Հայնրիխի վաղ զարգացման գործում, հետո Պորտերֆիլդը հասկացավ, որ Հայաստանի հավաքականի ապագան Հենրիխի հետ է:

Պորտերֆիլդը հիացած էր Մխիթարյանի խաղով։ Պորտերֆիլդը և նրա օգնական Ջոնսը դիտում էին նրա խաղը երիտասարդական թիմում և հիանում։ Յանգն ասաց, որ այս տղան կարծես ամբողջ կյանքում ֆուտբոլ է խաղացել, անվախ է։ «Նա ցանկանում էր խլել գնդակը և փախչել պաշտպաններից: Մենք այստեղ մարդկանց ասել ենք, որ մեզնից հետո հավատան Հայնրիխին։ Վարդան Մինասյանը համաձայնեց մեզ հետ, և մենք նրան տեղեկացրինք, թե ինչպիսի խաղացող կարող է դառնալ այս երիտասարդը: Մենք պարզապես գիտեինք ու համոզված էինք դրանում»,- ասել է Պորտերֆիլդի օգնական Ջոնսը:

Հենրիխին անմիջապես նկատեցին արտասահմանյան ակումբները, և նա ընտրեց նախ՝ Դոնեցկի «Մետալուրգը», ապա՝ Դոնեցկի «Շախտյորը»։ Ֆուտբոլիստի հաջողություններից հետո Հայաստանում իսկական մխիթարյանական մոլուցք սկսվեց։ Ֆուտբոլասերներից մինչև տնային տնտեսուհիներ սկսեցին ուշադիր հետևել հայ տաղանդին, նրա անունը հնչում էր ամենուր։ Իսկ Հենրիխը ստորագրություններ էր տալիս ու շատ համեստորեն էր դա անում։ Նա բոլոր հաղթանակներից ու անձնական ձեռքբերումներից հետո, լրագրողներին ու երկրպագուներին ասել է նույն արտահայտությունը. «Այս ամենը թիմի շնորհիվ է, ոչ թե իմ»։

Մխիթարյանի ուղին՝ «Փյունիկից» մինչև «Ռոմա», մեծ ֆուտբոլային մարտիկի ուղի է։ Մարդ, ով բարձր է հասկանում «պրոֆեսիոնալ» բառը։ Մխիթարյանը ոչ միայն հսկա հպարտություն է փոքր ազգի համար, այլ նաև ուժեղ խթան է երիտասարդ տղաների համար, ովքեր դուրս կգան գնդակ խաղալու, որպեսզի նմանվեն Հենրիխին։ Իսկ հավաքականում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի կամ Եվրոպայի առաջնության տեսքով բացը չի փչացնի մեծ ֆուտբոլիստի կարիերան։ Այո, ոմանք կասեն, որ նա կարող էր ավելիին հասնել Հայաստանի հավաքականի հետ, բայց ո՞վ գիտի, թե ինչի կհասնեին Հայաստանի հավաքականն ու նրա խաղացողները, եթե Մխիթարյանն ընդհանրապես չլիներ։

Հենրիխն ինքն իրեն ստեղծեց, նա պահեց իր հորը տված խոսքը և դարձավ ականավոր ֆուտբոլիստ, ով երկար տարիներ բարձր մակարդակով է խաղում շատ սեզոններ։ Հենրիխ Մխիթարյանի ելույթը հավաքականում վերջին տարիներին քննադատության է ենթարկվել Հայաստանի հավաքականի հանդիսատեսի մի մասի կողմից։ Նրան մեղադրում էին հավաքականում խաղալ չցանկանալու մեջ, իսկ Հայաստանի հավաքականի երկրպագուներից ոմանք կարծում են, որ առանց Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականն ավելի լավ է հանդես գալիս։

Դե, հիմա ժամանակն է վերջապես փակել այս գեշտալտը։ Բայց մի մոռացեք որոշ բաների մասին, հենց Հենրիխն է նպաստել տեղական ֆուտբոլի զգալի զարգացմանը և համաշխարհային ասպարեզում Հայաստանի ճանաչմանը: Ավելորդ չի լինի հիշել, որ երբ Հենրիխը փայլում էր Դորտմունդում, թիմից և ոչ մեկը հանդես չէր գալիս «Բրյուգեում», «Կադիսում», «Կրասնոդարի» կամ «Սլովանի» մակարդակում չէր:

Մխիթարյանը հեռանում է՝ որպես Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու՝ խաղերի քանակով (133 հանդիպում) զիջելով միայն Սարգիս Հովսեփյանին։ Կիսապաշտպանն ազգային հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 95 խաղ, խփել 32 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։

Մխիթարյանը հայ երիտասարդներին թողնում է հսկայական մոտիվացիա՝ լինելով մեծ պրոֆեսիոնալի օրինակ։ Իսկ Հենրիխի երկրպագուները կարող են հուսալ, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի փայլել եվրոպական ասպարեզում՝ բարձր պահելով հայկական ֆուտբոլիստի անունը։

Սիրարփի Աղաբաբյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.