Կանխվել է մաքսանենգ ճանապարհով Աբու-Դաբիից Երևան համակարգիչների, հեռախոսների տեղափոխման փորձը․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները: Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված  տարբեր մոդելի  հեռախոսներ, ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը:

 

Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին`վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.