«Խնամի, ծանոթ, բարեկամի» սկզբունքով պաշտոնի նշանակելու վերջը դրվել է 2018-ից․ Ավանեսյանը՝ ընկերուհու՝ փոխնախարար դառնալու մասին

«Խնամի, ծանոթ, բարեկամի» սկզբունքով պաշտոնների նշանակմանը վերջ է դրվել 2018թ-ին, և այդ քաղաքականությունը շատ հետևողական կերպով շարունակվում է։ Վարդուհի Գրիգորյանը ԱՆ-ում աշխատում է 17 տարի, առաջատար մասնագետից երկար տարիների ընթացքում հասել է դեղերի քաղաքականության վարչության պետի պաշտոնին, ապա դարձել աշխատակազմի ղեկավար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե իր ընկերուհին հանդիսացող Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը առաջիկայում նոր պաշտոն է ստանալու՝ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը։

 

«Վարդուհի Գրիգորյանը և նախարարության մնացած բոլոր աշխատակիցները իմ գործընկերներն են, ես շատ գնահատում եմ այն լավ մթնոլորտը, որ կա Առողջապահության նախարարությունում, որովհետև մենք միասին անցանք քովիդ, պատերազմ, և բոլորս արդեն մեկ ընտանիք ենք, ոչ թե միայն ընկերներ»,-ասաց Ավանեսյանը։

Նա նշեց, որ նախարարի տեղակալի պաշտոնը ներկա պահին թափուր է։

 

«Ես դեռ վերջնական որոշում չունեմ, ունենք մի քանի թեկնածուներ, որոնց հետ դեռ նախնական քննարկումների փուլում ենք»,-ասաց Ավանեսյանը։

Նա հստակ չպատասխանեց՝ Վարդուհի Գրիգորյանը դիտարկվո՞ւմ է որպես թեկնածու փոխնախարարի պաշտոնում, նշելով՝ առաջիակում ամեն ինչ պարզ կլինի։

Նախարարը ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունում իրեն ծանոթ չեն «ծանոթով» պաշտոնի նշանակվելու դեպքեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.