Այդ մասին խոսելը ծիծաղելի է․ Անահիտ Ավանեսյանը՝ սեղաններին աղամաններ չդնելու օրինագծի համար գրանտ կամ վարկ ստանալու մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է՝ հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնելու օրինագծով նպատակ ունեն պաշտպանել քաղաքացիների առողջությունը, ինչի համար հետևողական պայքար են տանելու:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նախարար Ավանեսյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

 

«Արդյոք աղի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար դուք գրանտ ստացե՞լ եք, կամ նախարարությունը վարկ ստացե՞լ է, եթե ստացել եք, ապա ո՞ր կազմակերպությունից և որքա՞ն գումար»,-հարցրեց Մանուկյանը:

Նախարարը արձագանքեց՝ Առողջապահության նախարարությունը, կառավարությունն ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը, կանխարգելելու հիվանդությունները, դրանք վաղ հայտնաբերելու և բուժելու: Ավանեսյանը պնդեց, որ եթե երկիրը ներդրում չի անում իր քաղաքացիների առողջության պահպանման մեջ, ապա ստիպված է լինում մեծածավալ, նորանոր միջոցներ ներգրավել՝ բուժման, հաշմանդամության կանխման համար, երբեմն անգամ քաղաքացու վիճակն այնքան ծանրացած է լինում, որ չի հաջողվում կյանքը փրկել:

 

«Նախարարությունը ստանում է բյուջեով իրեն հատկացված միջոցներ, որի շրջանակներում են նաև հանրային առողջության մասին իրազեկվածության, քաղաքականության մշակման և վարման ողջ գործընթացները: Իսկ ես ստանում եմ աշխատավարձ՝ իրականացնելու այդ ոլորտի լիազոր մարմնի կառավարումը: Հավելյալ գրանտների, միջոցների մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Այո, մենք հետևողականորեն տանելու են քաղաքացիների առողջության պահպանման մարտավարություն: Մենք  պետք է հոգ տանենք մեր մասին այն ժամանակ,երբ առողջ ենք, պետք է վնասակար սովորություններից զերծ մնանք»,-ասաց նախարարը:

Ըստ Ավանեսյանի՝ այդ հարցերը կարևոր են և տարիներ ի վեր այդքան ուշադրության չեն արժանացել:

«Մենք շարունակելու ենք պայքարել առողջությունը պահպանելու համար: Մենք տանում ենք առողջությունը պահպանելու ակտիվ քաղաքականություն: Որևէ բանի հակաքարոզչություն չենք տանում: Եվ ուզում ենք, որ մեր քաղաքացիներն ունենան առողջ սովորույթներ, երկար պահպանեն իրենց առողջությունը, կյանքի որակը»,-եզրափակեց Ավանեսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.