Ապրիլից գազի գնի բարձրացումը կբերի շղթայական թանկացման. Կարեն Չիլինգարյան

Գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մարտի 1-ին բավարարեց «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։

Հանձնաժողովի նիստին որպես հասարակական կազմակերպություն՝ մասնակցել է նաև «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց՝ կապ չուներ՝ դեմ կլինեի՞ր, թե՞ ոչ, հանձնաժողովը պարզապես փաստն է արձանագրել:
 
 

«Չէ՞ որ գինը վաճառողն է թելադրում: «Գազպրոմ Արմենիա»-ն է պայմանները առաջ քաշում, իսկ մեր կառավարությունը համաձայնողի կամ չհամաձայնողի դերում է։ Քանի որ այլընտրանք չկա՝ ստիպված համաձայնում են»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, ապա, Կ․ Չիլինգարյանի խոսքով՝ դժվար թե խնդիրներ ունենան, կամ փակվեն այն ջերմոցները, որոնք ժամանակակից տեխնոլոգիայով են կառուցված: Ըստ նրա՝ այդ ջերմոցներն ավելի էֆեկտիվ են, քան հին ջերմոցները:

«Եթե գազի գինը համեմատենք այլ երկրների գազի գնի հետ, ապա մեզ մոտ ավելի էժան է: Եվրոպայում բնական գազի գինն ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 2600 դոլարը։ Այնպես որ, երբ համեմատում ենք, մեր տնտեսվարողներն ավելի բարվոք վիճակում են, քան այլ երկրների տնտեսվարողները: Սակայն, ի տարբերություն մեզ՝ այլ երկրներում պետությունն աջակցություն է ցուցաբերում: Ամեն դեպքում, գազի գնի բարձրացումը կբերի շղթայական թանկացման, չէ՞ որ թանկացել է նաև ջուրը: Իսկ թե որ ապրանքն ինչքանով կթանկանա՝ բարդ է ասել: Բացի սա՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ գուցե որոշ ապրանքների ներկրումը դժվարանա, սակայն սա չի նշանակում, որ անպայման թանկանալու են: Ուկրաինայից ներկրում ենք քաղցրավենիք, սառեցրած հավի միս, ձեթ և այլ մթերքներ, իսկ Ռուսաստանից ավելի շատ ապրանք ենք ներկրում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ ենք»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

 

Անի Կարապետյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.