«Թշնամին մեզ ասում է՝ սաղ մերն է, ռադներդ քաշեք, ՀՀ իշխանությունն ասում է՝ Ադրբեջան, արի խաղաղ ապրենք․․․ Նիկոլն Արցախը վարի տվեց, հիմա էլ Հայաստանն է վարի տալիս»․ Բերդաշենի բնակիչ

Թշնամին վերջին շաբաթների ընթացքում սադրանքների է դիմում ոչ միայն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ, այլև Մարտունու շրջանի Նոր շեն, Թաղավարդ, Բերդաշեն գյուղերի ուղղությամբ։

 

Բերդաշենում բնակիչներն առանց ռուս խաղաղապահների ուղեկցության չեն կարողանում մտնել իրենց այգիներ և գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

 

168.am-ի հետ զրույցում Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանը փոխանցեց, որ թշնամին ամբողջ օրը հսկում է և երբ տեսնում է, որ բնակիչները մտնում են այգիներ՝ սկսում է կրակել, բարձրախոսով ահաբեկել, որպեսզի թողնեն գյուղը։

 

«Խրամորթի ու մյուս գյուղերի նման, մեր գյուղում էլ նույն իրավիճակն է, ուղղակի թշնամին չի թողնում այգի մտնենք՝ կրակում է։ Գնում ենք ռուսների մոտ, նրանք գալիս են, ու մենք դուրս ենք գալիս այգիներից։ Ես չեմ հասկանում՝ մեր իշխանություններն ի՞նչ են մտածում, սոված-ծարավ նստենք տներում՝ ի՞նչ անենք։ Խաղողի, նռան այգիներ առհասարակ չենք կարողանում մշակել, ու այդպես էլ ամեն ինչ վարի է գնում։ Հենց այգի ենք մտնում՝ կրակոցները սկսվում են, հիմա շատ օդ չեն կրակում, այնքան ցածր են կրակում, որ գրեթե ծառերի բարձրության է հասնում։ Հիմա ո՛չ կարողանում ենք միայնակ այգի գնալ, ո՛չ բանվորի տանել։ Այս հողերում տոններով արյուն ու քրտինք են թափել, բայց ամեն ինչ վարի է գնում»,- նշեց Կամո Աղաջանյանը։

 

Մեր զրուցակցի կարծիքով՝ հարցի միակ լուծումն այն է, որ մարդկանց զինեն, ու նրանք իրենց հողը պաշտպանեն։

«Հիմա դուք Հայաստանում իշխանություն տեսնո՞ւմ եք, ես անձամբ չեմ տեսնում, ու առհասարակ այստեղ որևէ մեկը չի տեսնում։ Ես մի բան չեմ հասկանում, դրանք ինչպե՞ս են իրենց աթոռներին մնում ու երկիրը վարի տալիս։ Նիկոլն Արցախը վարի տվեց, հիմա էլ Հայաստանն է վարի տալիս։ Կրկնում եմ՝ դրան ինչպե՞ս են հանդուրժում, եթե իրենց ձեռնտու է՝ մնան առանց հայրենիք, թող պահեն, ի՞նչ ասեմ։ Թող իրավունք տան մեզ ու զինեն, որ մենք էլ կրակենք, ախպեր, եթե իրենք կրակում են, մենք ինչո՞ւ չկրակենք։ Մի լավ խոսք կա, ասում է՝ մինչև թուրքին չծեծես, բարեկամ չի դառնա, ե՞րբ են հասկանալու, որ թուրքի հետ խաղաղությունն անհնարին է։ Սա թող Հայաստանի իշխանությունն ականջին օղ անի»,- հավելեց Կամո Աղաջանյանը։

Ըստ նրա՝ Բերդաշենը տեսել է Արցախի երեք պատերազմ, բերդաշենցիներից շատերն այդ պատերազմով անցած մարդիկ են, չեն վախենում ո՛չ կռվելուց, ո՛չ զենք բռնելուց։

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին չի թողնում խաղաղ բնակիչն իր հողը մշակի։ Ես չգիտեմ՝ ի՞նչ լեզվով ասեմ, որ դրանք հասկանան, թշնամին մեզ ասում է՝ սաղ մերն է, ռադներդ քաշեք, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ադրբեջան, արի խաղաղ ապրենք: Զարմանում եմ, հայ ժողովուրդն այսքան փորձություններ է հաղթահարել ու որևէ դաս չի՞ քաղել։ Ես ասել եմ, Նիկոլը պետք է անշիրիմ մնա, ամբողջ ՔՊ-ականների, իրենց նազիր-վեզիրների անունները պետք է գրվի միայն զուգարանների պատերին։ Եթե Նիկոլը մնաց, ասեմ՝ Ալիևն օգոստոսին Սևանում լողանալու է։ Ես ու ինձ նման շատերը կորցնելու բան չունենք, լավ չէ՞ տղամարդու նման զենքը ձեռքիս իմ հողում մեռնեմ, քան թե գնամ օտար ափերում ապրեմ։

Ես նռան այգի եմ մշակում, վարկ եմ վերցրել, բանկից զանգել ու ասում են՝ վարկը վճարի, հիմա եթե չեն թողնում այգիս մշակեմ, ես այդ վարկն ինչպե՞ս վճարեմ։ Հիմա ես էշը ցեխից ինչպե՞ս հանեմ։ Հայաստանում հիմա տաք են, չեն հասկանում, 2 կոպեկ վերցրել, ապրում են ու չեն խոսում։ Դեռ չհասկացան, թե ինչ նշանակություն ուներ Արցախը, ինչ վահան էր Հայաստանի համար»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.