Բաժին : Հայաստան/Արցախ
«Այս պատերազմում Սեյրան Օհանյանն առաջադրանք է կատարել, չէ՞, պետք է հրավիրեն՝ գա ու պատասխանի, թե ի՞նչ առաջադրանք է կատարել». Սամվել Բաբայան
Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի խոսքով՝ 21 տարուց ավելի պետական որևէ կառույցում չի եղել։
«Այն մարդիկ, որոնց դուք անվանում եք ընդդիմադիր՝ բանակից 4 ամիս, 1 ամիս առաջ են հեռացել։ Սեյրան Օհանյանն էլ ընդդիմադիր չէ, դուք համարում եք, որ բանակում ծառայողը, որ մեկ ամիս առաջ դուրս է գալիս բանակից, արդեն ընդդիմադի՞ր է։ Ֆունդամենտ եք դրել, 20 տարի բանակ եք կառուցել, այս պատերազմում էլ Սեյրան Օհանյանն առաջադրանք է կատարել, չէ՞։ Հիմա պետք է հրավիրեն, նա գա ու պատասխանի, թե ի՞նչ առաջադրանք է կատարել, ո՞րն է սխալ համարում, ի՞նչ սխալներ է տեսել, իր տեսակետը պետք է ասի»,- 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքային քննարկումից հետո լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը։
Հարցին՝ իշխանությունը կարո՞ղ է քննել իշխանության սխալները, Սամվել Բաբայանը հստակ չպատասխանեց. «Ես իշխանություն չեմ, պատերազմի ժամանակ իշխանություն չեմ եղել բանակում, և այլն։ Ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրի, թե մեղքերն ո՞ւմն է եղել։ Երբ այս իշխանությունը ստացել է մի հատ օժիտ, որը որ ինչ-որ ստացել է, պետք է պարզել, թե գործող իշխանության մեղքն ինչքանով է։ Արցախի բանակի հրամանատարին և գործող շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը՝ ո՞ւմ առաջարկով, ուզում ենք ճշտել, թե ով է առաջարկել, որ այս մարդկանց նշանակեն, պարզվում է՝ այնտեղի գործող իշխանությունը՝ Բակո Սահակյանը և նրա խորհրդականը՝ Տիգրան Աբրահամյանը։ Հիմա ես ընդդիմադիր եմ՝ 2020 թվականի մայիսի 21-ին պատերազմից 4 ամիս առաջ այդ մարդը պաշտոնը թողել է, և նոր իշխանություն է եկել։ 4 ամսվա մարդկանց կանչում, ասում եք՝ եկեք այստեղ պատասխան տվե՞ք»,- հավելեց Սամվել Բաբայանը։
Թե ինչ իրավական հիմքով են մասնակցում ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկմանը, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ իրավական հիմքին բոլորը տեղյակ կլինեն, կհրապարակեն, բոլորը կիմանան։