Գորոդենկայում վերանորոգում են հայկական կաթոլիկ եկեղեցին

Գորոդենկայում (Իվանո-Ֆրանկիվսկի մարզ) ավարտում են վթարների վերացման և տեղական նշանակության ճարտարապետական հուշարձանի՝ հայկական կաթոլիկ եկեղեցու պահպանման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Նշվում է, որ նախագիծն իրականացվում է «Կարպատյան տեղական համայնքների նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Կարպատյան եվրատարածաշրջան-Ուկրաինա» ասոցիացիան։

Այժմ նրանք փակել են տանիքի մի մասը, որը գտնվում էր ծայրահեղ վթարային վիճակում, և, ըստ մասնագետների, մինչեւ հաջորդ տարի կարող էր չդիմանալ։

Նախագծի հիմնական նպատակը Գորոդենկայի Հայկական կաթոլիկ եկեղեցու պահպանման եւ հանրահռչակման համար պայմաններ ստեղծելն է՝ որպես Կարպատյան տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության մաս:

«Հայկական կաթոլիկ եկեղեցին քաղաքի իսկական զարդն է։ Սակայն շենքը ներկայումս գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում, և թրջվելու պատճառով դրա ավերման մեծ վտանգ կա, ուստի ծագեց նախագծի գաղափարը։ Դա թույլ կտա ոչ միայն պահպանել պատմական կառույցը, այլև օգտագործել այն որպես զբոսաշրջային տեսարժան վայր, իսկ ապագայում դրա հիման վրա ստեղծել սրբազան արվեստի թանգարան»,- ասել է Գորոդենկայի համայնքի նախագահ Բոգդան Կոբիլյանսկին։

«Հարկ է նշել, որ ծրագրի վրա աշխատել են ամբողջ 2021թ. ընթացքում: Այսօր ավարտվել են տանիքի մի մասի վթարային վիճակը վերացնելու վերանորոգման աշխատանքները, որոնք առաջին հերթին պետք է արվեին: Բայց մենք չենք նախատեսում սահմանափակվել այս նախագծով, ավելին՝ կա շենքի վթարային վիճակն ամբողջությամբ վերացնելու եւ դրա վերականգնումը սկսելու հավակնոտ նպատակ»,- ասել է Գորոդենկա համայնքի նախագծերի եւ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիա Զդրիլան:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է.«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ։ Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ և հնարավոր ամեն բան անում ենք պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման համար»։

Պարբերականը հիշեցնում է, որ Մարիամ Աստվածածնի Անարատ Հղության հայկական եկեղեցին Գորոդենկայում պահպանված ամենահին շինությունն է։

Կայքը հավելում է, որ այժմ Ուկրաինայում գոյություն ունեն մոտ 30 ծխական համայնք և ավելի քան տասը գործող եկեղեցիներ։ Տարբեր շրջաններում կառուցվում է ևս 5 եկեղեցի։ Վերականգնման փուլում են միջնադարյան երկու եկեղեցիներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.