Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները բարելավվել են․ դատախազություն

2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

 

Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ են շարունակում լինել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում  ճաղավանդակների բացակայությունը, մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի բավարար չափով լուսավորված չլինելը, տեսախցիկների, շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը:

Մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեպքերի նվազման, ինչպես նաև բացահայտման ցուցանիշների թեև դանդաղ, սակայն բարելավման առկա միտումները պայմանավորված են 2018թ.-ից ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ սկսված՝ այս բնույթի հանցագործությունների նախականխմանը, ինչպես նաև տաք հետքերով բացահայտմանը, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներով:

 

Մասնավորապես՝ ի սկզբանե խնդիր է դրվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ շենքերի մուտքերը կահավորել անվտանգության միջոցներով:

Այդ համատեքստում 2021թ. Երևան քաղաքի դատախազության կողմից քրեական գործերի ստուգմամբ հայտնաբերվել և 6 ցուցում է տրվել բազմաբնակարան շենքերում մուտքի դռներ և կոդավորված փականներ տեղադրելու համար միջնորդագրեր ներկայացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան կատարված հարցմամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 2021թ. տեղադրվել է 218 մուտքի դուռ և 213 կոդավորված փական/դոմոֆոն/: Բազմաբնակարան շենքերի առկա 12.641 մուտքերից 176-ը դեռևս չունեն դուռ, իսկ 7836-ը չունեն կոդավորված փականներով դուռ: Վերջին տարիների ընթացքում տեղադրվել է 4757 կոդավորված փականներով դռներ: Հաշվի առնելով, որ նման միջոցներով համալրված շերքերում կտրուկ նվազում են բնակարանային գողությունները, ինչը դրականորեն ազդում է այս հանցատեսակով կրիմինոգեն վիճակի վրա՝ խնդիր է դրվել շարունակել ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքներով այս գործընթացի առաջմղումը:

Բացի այդ, առաջնային է համարվել նաև բնակարանային գողության կատարման համար առավել թիրախային և կրիմինոգեն վայր հանդիսացող թաղամասերում, առանձնատնային հատվածներում հատկապես գիշերային ժամերին ոստիկանության ծառայությունների պարեկային հսկողության ուժեղացումը: Կարևոր ուղղություն է համարվել առավել ռիսկային համարվող գոտիներում գործունեություն ծավալող տարբեր տնտեսվարողների հետ համագործակցությունը՝ նրանց կողմից տեսախցիկներ տեղադրելու համար, ինչը կարևոր նշանակություն ունի հանցագործների տեղաշարժերի հիմնական երթուղիները հսկողության տակ պահելու և այլ բնույթի հանցագործությունների բացահայտման համար:

Ոչ երկրորդական է համարվում նաև բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հանգամանքը՝ նկատի ունենալով, որ բնակարանային գողությունների մի մասը կատարվում է հենց նշված կատեգորիայի անձանց կողմից:

Բնակարանային գողությունների բացահայտման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ դեպքի վայրի պահպանման, զննությունները հաճախ մակերեսային կատարելու, պատշաճ կրիմինալիստիկական լուսանկարահանում չիրականացնելու, վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաքննության մարմնին տրված օպերատիվ հանձնարարությունների ընդհանրականության, դեպքի վայր տանող ճանապարհներին տեսագրող սարքերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ չստուգելու հանգամանքները:

Նման բնույթի հանցագործությունների արդյունավետ քննության իրականացման, առկա թերությունները վերացնելու և չկրկնելու, անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման, անհետաձգելի գործողությունների ամբողջությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղված հանցագործությունների գործերով քննության վարչության կողմից մշակվել է հետաքննության և նախաքննության մարմինների, քննությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների համար նախատեսված ուղեցույց: Դրա գործնական կիրառումը ևս նպաստել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների բարելավմանը: 

2022թ. համար մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեմ պայքարը շարունակելու է մնալ Երևան քաղաքի դատախազության առաջնայնություններից: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.