Հանդիպելու եմ իտալական 4 ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում են ներդրում անել Հայաստանում. Վահան Քերոբյան

Վերջին ամիսներին կա եվրոպական ընկերությունների հստակ երևացող միգրացիա, որոնք իրենց ընկերությունները տեղափոխում են Չինաստանից դեպի ավելի մոտ ռեգիոններ, ավելի կոնկրետ՝ Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Չարենցավանում իտալական խոշոր «Laboteca» ընկերությունը տեքստիլ արտադրամաս է հիմնել, այն հյուրանոցային տեքստիլի ամենալյուքս մատակարարներից է։ Չարենցավանում հիմա ունեն գործարան, որտեղ կարում են խալաթներ, սրբիչներ և այլն։ Խնդիրն այն է, որ Չինաստանից ներմուծված ապրանքների վրա կա հավելյալ հարկ, հաշվի առնելով, որ Չինաստանից լոգիստիկան մի քանի անգամ թանկացել է, շատ դեպքերում այնտեղ արտադրելն այդքան շահավետ չի լինում։ Հետևաբար այդ միգրացիան կա, և մենք շատ հաճախ ենք հանդիպում եվրոպական կազմակերպության ներկայացուցիչների հետ, ովքեր քննարկում են իրենց արտադրությունները Չինաստանից Հայաստան տեղափոխելու հարցը»։

Քերոբյանը նշեց, որ հանդիպելու է իտալական չորս ընկերությունների հետ, որոնք ցանկանում են տարբեր ծրագրեր իրականացնել Հայաստանում և ներդրումներ անել։

 

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերում թշնամու վերահսկողության տակ անցած գյուղացիների արոտավայրերի հարցին և դրա արդյունքում առաջացած խնդիրներին՝ Քերոբյանը նշեց.

«ՀՀ-ում կան 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողեր, վարելահողերի 50%-ից ավելին չի օգտագործվում, իսկ արոտավայրերի՝ 70-80 %-ը, մենք որպես երկիր չունենք արոտավայրերի խնդիր, այստեղ խնդիրը արոտավայրերի հասանելիությունն է, այդ հարցը գտնվում է կառավարության օրակարգում։ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում բազմաթիվ արոտավայրեր ջրարբիացել են և դեպի հեռագնա արոտավայրեր տանող  ճանապարհները վերակառուցվել են»,- ասաց Քերոբյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.