Պեկինում մեկնարկել է 2022-ի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը

Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկել է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը: Հանդիսավոր արարողությունը կայացել է ՉԺՀ-ի մայրաքաղաքի Օլիմպիական պարկում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փոխանցավազքը սկսվել է տեղական ժամանակով 09:16-ին (Երևանի ժամանակով 05:16-ին): «Հայտարարում եմ Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի մեկնարկը»,- արարողությանը հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժենը: Համավարակի պատճառով փոխանցավազքի երթուղին և տևողությունն էապես կրճատվել են: Կորոնավիրուսի տարածման վտանգների կանխման համար փոխանցավազքը տեղի կունենա  առանց հանդիսականների: Բացի դրանից, վազքատարածության հատվածները գտնվում են բանուկ փողոցներից և շրջաններից հեռու:

Փոխանցավազքը կներառի վազքատարածության 12 հանգուցային հատվածներ օլիմպիական մրցումների անցկացման երեք  կլաստերներում. Պեկինում և Չժանցզյակոուում առանձնացված են հնգական գոտիներ օլիմպիական կրակի փոխանցման համար, ևս երկուսը գտնվում են մայրաքաղաքի Յանցզինի շրջանում: Փոխանցավազքի տասնմեկ հատվածները գտնվում են «փակ ցիկլի համակարգի»՝ օլիմպիական «բուշտի»  սահմաններից դուրս, որի ներսում են բնակվում բոլոր օտարերկրյա պատվիրակությունները, այնտեղ են գտվում մարզական օբյեկտները և օլիմպիական ավանները: Ընդհանուր առմամբ փոխանցավազքին կմասնակցեն 14-ից մինչև 86 տարեկան շուրջ 1 200 ջահակիրներ:

Բացի այդ, դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Պատմության մեջ առաջին անգամ ջահի փոխանցման համար գործի կդրվեն ոչ միայն մարդիկ, այլև մեքենաներ. ամֆիբիա-ռոբոտները կրակը ջրի տակով կանցկացնեն Յունդին գետում, իսկ Շոուգանի արդյունաբերական պարկում (ձմեռային Օլիմպիական խաղերի պարկի մի մասը) գործի կդրվեն անվարորդ փոխադրամիջոցներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.