Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով ընկել է, շեշտակի թանկացել են պարարտանյութը, սերմնացուն, դիզվառելիքը․ լուծումներ կլինեն․ Վահան Քերոբյան

Մեր՝ մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հանրային սննդի ոլորտի շրջանառության անկմանը՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո։

«Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով նրանց հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել։ Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ասաց նախարարը։

 

Նրա դիտարկմամբ՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության և կյանքի վրա, հետևաբար փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։

Անդրադառնալով պարարտանյութերի թանկացմանը՝ Քերոբյանը հաստատեց՝ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը։

 

«Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որ հասկանանք, թե ինչ ձևով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու հարցում։ 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց գյուղացիներին օգնելն է՝ հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, սակայն հասկանում ենք, որ այս պահին միգուցե դա բավարար գործիք չէ»,-ասաց նա՝ նշելով, թե լուծումները շատ չեն ուշանա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.