Բաժին : Իրավունք
Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նրա լիազորությունները կստանձնի ԱԺ նախագահը. ի՞նչ է սահմանում Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում. Tert.am
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։
Այս առիթով Tert.am-ը ներկայացնում է, թե ինչ է սահմանում ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում և ինչ ընթացակարգ է սահմանված արտահերթ ընտրության դեպքում։
ՀՀ սահմանադրության հոդված 123֊ը սահմանում է հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները, համաձայն որի` Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Քանի որ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել,ապա տեղի է ունենալու ՀՀ նախագահի արտահերթ ընտրություն, որը սահմանում է Սահմանադրության 126֊րդ հոդվածը։
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ
Հոդված 144֊ի համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։ Այսինքն, այս դեպքում, Ալեն Սիմոնյանը։
Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: