Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունվարի 18-ին հաստատվել են մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը, այս մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակված որոշումներում: 

Մասնավորապես, ըստ վարչապետի 63–Ա որոշման՝ հաստատվել է Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հայկական կողմից հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 64–Ա որոշման՝ հաստատվել է Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

Ըստ վարչապետի 62–Ա որոշման՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ ԱԳՆ համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.