«Ժողովուրդ»․ Տիգրան Ավինյանի համար նոր զբաղմունք են փնտրում, նա փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել

« ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար փորձում են նոր զբաղմունք գտնել։ Արտահերթ ընտրություններից հետո նա գործադիրում եւ օրենսդիրում պաշտոն չստացավ, սակայն իշխանությունները ելքեր են գտնում՝ նրան «յուղոտ» զբաղմունք գտնելու համար: Կառավարության նախորդ նիստում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, որի խորհրդի նախագահը հենց Տիգրան Ավինյանն է, եւ նա լինելու է կառավարության ներկայացուցիչը կոմբինատում:

 

Սրանից զատ Ավինյանը փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել: Չի բացառվում, որ կառավարությունում մի նոր կառույց ստեղծվի, որը կզբաղվի Երեւան քաղաքի հարցերով եւ կղեկավարվի հենց Ավինյանի կողմից, սակայն նախկին փոխվարչապետը ցանկանում է պաշտոն ստանալ նաեւ հենց քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականի մակարդակով։ Նկատենք, որ չնայած Երեւանում նոր քաղաքապետ կա, բայց փաստացի կառավարում գոյություն չունի:

Ինչո՞ւ. որովհետեւ, բացի այս երկու ֆիգուրներից, քաղաքի կառավարմանը խառնվում է նաեւ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը` առողջապահական հատվածով: Մյուս կողմից՝ ավագանու ՔՊ խմբակցությունն է փորձում կորցրած դիրքերը քաղաքի կառավարման գործում հետ բերել: Եւ, իհարկե, գլխավոր ֆիգուրը մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ստացվում է, որ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետի լիազորությոնների են ձգտում Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը եւ ՔՊ մեծուփոքր ավագանիները»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.