23 պատվաստված քաղաքացիներ մահացել են կորոնավիրուսից, նրանց միջին տարիքը 75-ից բարձր է, բոլորի մոտ գրանցված են եղել խրոնիկ հիվանդություններ․ առողջապահության նախարար

Եղել են պատվաստված քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսով վարակվել են, հիվանդությունը ծանր են տարել, և գրանցվել են մահեր։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«23 քաղաքացիներ են, որոնց միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել խրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացությունները, սրտի իշեմիկ հիվանդությունները, բարձր ճնշումը և այլ խնդիրներ»,-ներկայացրեց նա։

Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված․ այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսի 13 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը (8.1 տոկոսը) պատվաստված են: «Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են ամբողջապես պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են ամբողջապես պատվաստված»,-ասաց նա։

 

Վերջինս հայտնեց, որ ՀՀ-ի մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ: Նոյեմբերի 28-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 1․2 մլն քաղաքացի։

«1,2 միլիոն պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել առողջական խնդիրներից որոշակի բողոքներ, դրանց մեծամասնության դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուսով հիվանդացություն։ Չեն իմացել, որ վարակված են, և պատվաստվել են։ Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ և մի շարք սիմպտոմատիկ բողոքներ, որոնք մանրակրկտորեն քննվել են։ Որևէ խնդիր չի եղել»,-ասաց Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ մտահոգությունները, թե կորոնավիրուսի նորանոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են, բայց, այնուամենայնիվ, պատվաստումներն ապահովում են ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքից, մահացությունից պաշտպանության բավարար շեմ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.