Լուկաշենկոն սպառնում է փակել ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի հետ չի համաձայնեցրել իր այն հայտարարությունը, որ Բելառուսը կարող է փակել «Յամալ – Եվրոպա» գազախողովակը՝ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանն ի պատասխան: Այդ մասին հայտնում է Russia Today-ը:

 

«Այո՛, Բելառուսը մեր դաշնակիցն է, բայց դա ինքնիշխան պետություն է», – ասել է Պեսկովը՝ նաև ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հուսալիությունը, որպես վառելանյութի մատակարարի և գործընկերոջ, չի կարող կասկածի տակ դրվել:

Աղբյուրը հիշեցրել է, որ Բելառուսի նախագահի և այդ երկրի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնման հավանականության պատճառը Բելառուս-Լեհաստան սահմանին վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակն է մեծ թվով փախստականների կուտակման պատճառով:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է քննարկել Լուկաշենկոյի հետ նրա խոսքերը ռուսական գազի տարանցումը դեպի Եվրամիության երկրներ արգելափակելու մասին: Պուտինը հույս ունի, որ Բելառուսը դա չի անի:

«Տեսականորեն, իհարկե, Լուկաշենկոն, որպես տարանցիկ երկրի նախագահ, երևի կարող է հրահանգ տալ փակելու մեր մատակարարումները դեպի Եվրոպա: Թեև դա տարանցման մասին մեր պայմանագրի խախտում կլինի, և ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի», – Պավել Զարուբինի հաղորդման եթերում ասել է Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.