Ինչպես է սկսվել Պռոֆֆի ու Թաթա Սիմոնյանի համագործակցությունը․ բացառիկ մանրամասներ

 Irakanum.am-ի հարցազրույցը Թաթա Սիմոնյանի երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանի հետ։

Պարոն Ասրյան, երաժշտական աշխարհում Դուք ավելի հայտնի եք որպես Պռոֆֆ։ Ինչ է նշանակում Պռոֆֆ, պրոֆեսիոնալ բառի՞ց  է։

Ոչ, պրոֆեսոր բառից է (ժպտում է)։ Ես ծառայել եմ ԽՍՀՄ բանակում Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի նվագախմբում Վրաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվում ՝ որպես բարիտոն և դաշնակահար: Այնտեղ  բոլորս յուրահատուկ անուններով էինք իրար կոչել։  Ինձ, որպես ակնոց կրողի, անվանեցին Պրոֆեսոր, կրճատ Պռոֆ։ Այդպես էլ մնացի Պռոֆ։

 
 

Իսկ ինչպես եկաք դեպի երաժշտական աշխարհ:

Շատ շատերի պես մանուկ տարիքում ես հաճախել եմ երաժշտական դպրոց, ապա շարունակելով  երաժշտական կարիերաս, աշխատել եմ ֆիլհարմոնիայում՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Երիտասարդ տարիքում ստեղծել և ղեկավարել եմ  NE MO  ռոք խումբը։ Ապա Կապանի մշակույթի կենտրոնին կից  ստեղծել  եմ Զանգեզուր ջազ-ռոք խումբը։ 1985 թվականին Հայաստանի Հանրապետությունում  երիտասարդ կատարողների մրցույթում զբաղեցրել եմ առաջին տեղը և դարձել մրցույթի մրցանակակիր։ Ապա աշխատել եմ  «Մեղեդի» ստուդիայում որպես գործիքավորող ու թողարկել  ավելի քան 10 ալբոմ ՝ տարբեր կատարողների հետ:

Պարոն Ասրյան, քանի տարի է  աշխատում եք Թաթա Սիմոնյանի հետ։

Անհիշելի ժամանակներից  (ժպտում է)։ 1991 թվականին  ծանոթացա Թաթա Սիմոնյանի հետ և մինչ օրս աշխատում եմ նրա հետ որպես երաժշտական պրոդյուսեր, որպես գործիքավորող և որպես նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Փաստորեն արդեն 30  տարի է միասին ստեղծագործում ենք, աշխատում, ընկերություն անում։

Իսկ որն է ըստ Ձեզ  առհասարակ երգչի,  պրոդյուսերների հաջող աշխատանքի գրավականը։

Առաջին հերթին, մեծ նշանակություն ունեն պրոդյուսերների անձնական և մասնագիտական որակները։ Նրանք պետք է կարողանա ընդհանուր լեզու գտնել շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչների հետ, պետք է հետևեն համաշխարհային երաժշտական տենդենցներին,  և ինչու չէ, մշտապես վերլուծեն հանդիսատեսի կողմից  ավելի շատ և ավելի քիչ սիրո ու հավանության արժանացած երգերը , տեսահոլովակնեիը, համերգային համարները, և ըստ վերլուծությունների որոշեն երաժշտական ուղղությունները  տվյալ ժամանակաշրջանում։ 

 

Դուք հանդիսանում եք երգչի որոշ երգերի համահեղինակ, գործիքավորումներով եք զբաղվում, հանդիսանում եք  որպես երաժշտական կամ  սաունդ պրոդյուսեր։ Ո՞ր  գործառույթներն են հենց ձեր ենթակայության տակ։

Երաժշտական պրոդյուսերը պատասխանատու է օրինակ ալբոմի կամ երգի հնչողության  և վերջնական «տեսքի» համար։ Աշխատանքները տարբեր են լինում, լինում է  երբ լիովին պատրաստի նյութը պարզապես գործիքավորվում է, լինում է, որ դու սկսում ես աշխատել զրոյից՝ սկսած գաղափարից, երաժշտությունից, խոսքերից մինչև անգամ տեսահոլովակի իդեային համապատասխանեցում։ Լինում են դեպքեր, երբ այս բոլոր փուլերն անցնելուց հետո միևնույնն է հարկ է լինում լրամշակելու, կատարելագործելու  գործիքավորումը։ Երբեմն պետք է լինում հրավիրել այլ երաժիշտների, ինչու ոչ փորձեր կազմակերպել  նրանց հետ։ Մի խոսքով այն ամենն ինչ հարկավոր է երգի այսպես ասած լույս աշխարհ տեսնելու համար։

Ինչ ճանապարհ է անցնում երգը, նախքան երաժշտական  պրոդյուսերին հասնելը։

Շատ տարբերակներ կան ։ Լինում է երբ գալիս ես ստուդիա , իսկ այնտեղ արդեն քեզ սպասում է Թաթա Սիմոնյանը՝  մտքում պատրաստի երգով (ժպտում է)։ Լինում է երբ միասին փորձում ենք  գրել , ավելի կատարելագործելով  փորձերի շնորհիվ։ Երբեմն դրանք պարտիտուրաներ են, որոնց հիմքի վրա  ստեղծվում  է նորը։ 

Որն է այս մասնագիտության հիմնական բարդությունը։

Հիմնական բարդությունը չեզոք մնալն է եւ ամբողջական աշխատանքը վերևից տեսնելն է ։  Երաժիշտները հաճախ են  գործընթացի ընթացքում կենտրոնանում ավելի մանր խնդիրների վրա և հաճախ այդ ժամանակ կորում է աշխատանքին ավելի գլոբալ  առումով նայելը։ Ինչ որ մի պահի պետք է կարողանաս այլ աչքով կամ ականջով լսես գործը։ Պետք է կարողանալ ամբողությամբ սուզվել աշխատանքի մեջ, բայց հետո անպայման դուրս գալը, շատ կարեւոր հմտություն է։

Իսկ ինչ է հարկավոր երաժշտական պրոդյուսեր դառնալու համար։

Դե եթե սկսենք ամենավաղ փուլից, նախ  երևի  անձնական որակները, կարգապահությունը, դաստիարակությունը,  ապա կրթությունը, վերապատրաստումները։ Տաղանդի  կամ երաժշտական եւ տեխնիկական բեկգրաունդների մասին  չնշեմ, դա պարզից էլ պարզ է։ Չէի զլանա նշել նաև սթրեսակայունությունը , հավատացեք դա էլ ոչ պակաս  կարեւոր է այս աշխատանքում , և իհարկե  նպատակասլացությունը։ Մեր նոր սերունդը ավելի հավակնոտ է, ինչը հույս է ներշչում։ Կարծում եմ  նրանք էլ ավելի մեծ հաջողությունների կհասնեն ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.