Բաժին : Առողջապահություն
ԱՆ-ն արձագանքել է ամերիկահայ բարերարի աղմկահարույց գրառմանը
Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։
2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս առողջապահության նախարարության նվիրաբերվել են բժշկական սարքեր և սարքավորումներ։ Նշած սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման արդյունքում:
Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում, սակայն հաշվի առնելով, որ նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման՝ ինչպես նաև ոչ նպատակահարմար և որոշ դեպքերում անհնար է դրանց վերանորոգումը, ուստի ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում է սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միևնույն ժամանակ գերատեսչություններն անթույլատրելի են համարում զրպարտություն հանդիսացող անհիմն հայտարարությունների միջոցով պետական ինստիտուտների համբավը վարկաբեկելու փորձերը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն