Քաղաքական որոշումը կայացված է․ Կառավարությունն առաջարկում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37 համայնք

Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարությանը ներկայացրեց «վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որի համաձայն՝ 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորվելու է 37 համայնք:

 

Ըստ որոշման նախագծի՝  նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում:

Գնել Սանոսյանը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, շեշտեց, որ որևէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։ «Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ չորս անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ–ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Այսինքն՝ բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում»,–ասաց նա։ Նա նաև առաջարկեց նախագիծը համարել անհետաձգելի և առաջարկել սեպտեմբերի 24–ին արտահերթ Ազգային ժողովի նիստ գումարել և քննարկել։

 

Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախագծից, ասաց, որ թեև կրքեր բորբոքելու փորձեր են լինելու, սակայն կոչ արեց չտրվել դրանց։ «Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով և վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները առավել արդյունավետ են և առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, այնպես որ, մենք այս ճանապարհով պետք է գնանք առաջ»,–ասաց նա և նշեց, որ այս հարցը պետք է լուծվի բացառապես ԱԺ–կառավարության տիրույթում, այսինքն՝ քաղաքական մեծամասնության տիրույթում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.