Կորոնավիրուսից երիտասարդ է մահացել. այս պահին էլ 18-ամյա երիտասարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Անահիտ Ավանեսյան

Ինչպես մի քանի անգամ ահազանգել ենք՝ կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով, բայց, բացի դրանից, հիվանդության ընթացքն ավելի ծանր է: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Նկատում ենք հիվանդության երիտասարդացում, նախորդ շաբաթվա ընթացքում ես հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող: Ցավոք, նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Սա մեզ համար ահազանգ է, որ բոլորս առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք»,-ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ծավալված մոտ 1600 մահճակալ կա, որոնցից 1400-ը զբաղված են: «Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի: Այս պահին մենք իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում, հերթ չկա, հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ»,-հայտնեց նա:

 

Ավանեսյանը ներկայացրեց նաև պատվաստումային իրավիճակը՝ նշելով, թե այս պահին իրականացվել է 293 955 պատվաստում, օրական ցուցանիշը մնում է 6200-ի սահմաններում: «Նկատում ենք շատ մեծ հետաքրքրվածություն և հոսք, ինչը շատ ողջունելի է»,-նշեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.