«Պատվաստվելուց հետո վարակվելու ռիսկը պահպանվում է, ունենք մի քանի տասնյակ վարակման դեպքեր». Անահիտ Ավանեսյան

«Դիմակների կրման ռեժիմի պահպանման առումով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական տեղաշարժ ունենք, բայց դա դեռ այն իրավիճակը չէ, որը ցանկալի է, և որը պետք է լինի». այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ հանրային տրանսպորտում կարգի պահպանման ցածր ցուցանիշ ունենք, ինչը բարդացնում է իրավիճակը:

«Իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը դեռ ահագնացող չեն, բայց անընդհատ աճի տեմպը պահպանվում է: Երբ վարակը դուրս է գալիս կառավարման շրջանակներից, շատ ավելի բարդ միջոցառումներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու առումով»,- ասաց Ավանեսյանը:

 
 

Նախարարը Կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից գործելու են սահմանափակումներ, բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն լինի, 2 շաբաթը մեկ անգամ պետք է ներկայացնեն կովիդ թեստի բացասական պատասխան:  Ավանեսյանի խոսքով՝  պատվաստվել ցանկացողների թիվն ավելացել է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա՞ն պատվաստումներից հետո վարակման դեպքեր:

 

«Այո, ունենք մի քանի տասնյակ վարակման դեպքեր, իրականացրել ենք 267 հազար պատվաստում, դրա շրջանակներում մի քանի տասնյակ դեպքեր ունենք, որ քաղաքացիները վարակվել են, բայց նաև ունենք, որ շատ ավելի մեղմ է ընթացել հիվանդությունը նրանց մոտ: Ծանր դեպքեր, կարելի է ասել, չենք ունեցել: Պատվաստվելուց հետո վարակվելու ռիսկը պահպանվում է, բայց վարակվելու դեպքում ծանր և ծայրահեղ ծանր տանելու ռիսկը շատ-շատ նվազ է»,- ասաց Ավանեսյանը և ավելացրեց, որ հոսպիտալացվածների 99 տոկոսը չպատվաստվածներն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.