Նկատում ենք կորոնավիրուսի թվերի ու վերարտադրության ցուցանիշի մի փոքր աճ․ Անահիտ Ավանեսյան

Նկատում ենք կորոնավիրուսի թվերի ու վերարտադրության ցուցանիշի մի փոքր աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ «կարմիր լույսով» զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելուն։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

 

«Այսօրվա դրությամբ իրականացրել ենք 97 711 պատվաստում, երեկ իրականացրել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք աճի այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք օրական մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ցուցանիշի աճը պայմանավորված է նաև առաջին պատվաստումն ստանալու հետ, ինչը նշանակում է, որ քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահության մեծացել է։

Նա հիշեցրեց՝ բոլոր երեք պատվաստանյութերն էլ բաց են պատվաստվելու համար, և բոլոր ցանկացողները կարող են ազատորեն ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։ «Ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատում ենք պատվաստանյութերի այլ տարբերակներ ՀՀ ներկրելու համար, բայց ամենակարևորն այն է, որ ունենք պատվաստանյութերի առկայություն»,-նշեց Ավանեսյանը։

 

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հայտնեց, որ որոշում են կայացրել, որ պոլիկլինիկաները այսուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց պատվաստման տեմպի աճն ու նշեց՝ օրինակ՝ կորոնավիրուսի 97 711 դեպքի հաստատման պարագայում մահվան առնվազն 2000 դեպք կարող էր գրանցվել, բայց նույնքան պատվաստումների դեպքում մահվան դեպքեր չեն գրանցվել, ինչը, ըստ Փաշինյանի, կարևոր ցուցանիշ է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.