Sputnik V-ով պատվաստման տարիքային սահմանափակումները հանվել են. Անահիտ Ավանեսյան

Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզի 3 բնակչի մոտ «սիբիրյան խոցի» հայտնաբերմանը, ասաց, որ դա մաշկային տեսակն է, և հիվանդները բուժում են ստանում:

«Առողջական վիճակի հետ կապված՝ կարող եմ ասել, որ միջին ծանրության և թեթև է, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանում են, և բուժման կուրսն ամբողջովին կտրամադրվի նրանց: Վերջին 3-4 օրերի ընթացքում ՎԿԱԿ-ի կողմից իրականացվում են համայնքային այցեր և բոլոր կասկածելի դեպքերի հետ կապված արվում են ուսումնասիրություններ, նմուշառումներ: Դա մաշկային ձևն է, սա շատ կարևոր է: Կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել և իրականացվում են, միանշանակ մեր խիստ հսկողության և բարձր ուշադրության տակ կգտնվի ամբողջ համայնքը և շրջակայքը: Վերցվել են փորձանմուշներ նաև հողից»,- ասաց Ավանեսյանը:

 

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս են վերահսկում, եթե երեկ գյուղացիներն իրեն պատմել են, որ տան պայմաններում եռացնում և օգտագործում են վարակված անասունի կաթը, Ավանեսյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել ՍԱՊԾ-ին, որովհետև մթերքի վերահսկումն իրենց գործառույթն է:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ դեռ անհայտ է «սիբիրյան խոցի» աղբյուրը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ինչպես Նիկոլ Փաշինյանին, ոլորտը կարգավորող լիազոր մարմնին էլ չեն գոհացնում այն տեմպերը, որոնք գրանցում են, սակայն դա պայմանավորվում էր նախընտրական քարոզարշավով, երբ մարդիկ այլ առաջնահերթություններ ունեին:

 

«Ընտրություններից հետո  այս շաբաթվա ընթացքում մենք ունեցել ենք մեկ օր, երբ 3000-ից ավելի պատվաստում ենք ունեցել, և այս տեմպը պետք է ֆիքսենք և ավելի մեծ թիրախներ մեր առջև դնենք»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի նոր շտամներ են տարածվում, ինչը մտահոգիչ է:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ 80.000-ից ավելի պատվաստում են արել և որևէ անցանկալի հետևանք չի գրանցվել:

«Երեկ արդեն իսկ ստորագրվել է հրաման, որով հանվել են սահմանափակումները և այսուհետ բոլոր 3 պատվաստանյութերն էլ հասանելի կլինեն ցանկացողների համար: Ինչո՞ւ է արվել, ես բազմիցս բերել էին այն արգումենտները, թե ինչո՞ւ ենք էտապ-էտապ բացում, որովհետև պետք է ունենանք պատվաստանյութերի ներմուծման հստակ պլանավորումը, և, որ դրանց ժամանակային խզումներ չունենանք: Քանի որ վերջերս ստացել ենք բավականին մեծ խմբաքանակ Sputnik V և մեր ակնկալիքները ևս այդպիսին են, այլևս հանեցինք այդ սահմանափակումը»:

Անահիտ Ավանեսյանը նաև պնդեց, որ դեռ վաղ է փակ տարածքներում հրաժարվել դիմակներից, քանի որ մեր հարևան երկրներում տարածվում են կորոնավիրուսի նոր շտամներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.