Վահրամ Դումանյանը և Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

 

Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի  ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք հարցեր՝ ուղղված գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաև Միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձևաչափով երիտասարդներին ՀՀ և ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:

 

ՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին:

ՌԴ  գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Վ. Դումանյանին սիրով հրավիրել է մասնակցելու այդ երկու կարևոր միջոցառումներին:

Նախարարները քննարկել են նաև գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու խնդիրները: Նշվել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի նաև գիտական նոր զարգացումների ապահովմանը: ՌԴ  գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի և տեղեկության փոխանակմամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.