Այսուհետ գործատուն կկարողանա աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով և կանխել նրա հեռանալն ընկերությունից․ Կառավարությունն ընդունեց որոշումը

Կառավարությունը հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում  փոփոխություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա:

 

«Նախագծով առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը: Ներկայումս ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ: Արտոնյալի հիմնական էությունն այն է, որ սովորաբար չեն ունենում քվեարկելու իրավունք, փոխարենն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում շահաբաժին ստանալու կամ ընկերության լուծարման շրջանում ավելի առաջնային դիրքում է իրենց պահանջների բավարարումը: Այժմ թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը նույնպես ունենան դասեր և այս առումով ապահովում ենք ճկունություն: Ճկունությունն այն է, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռել, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա: Սա անում ենք, որովհետեւ ներդրողների ճաշակը շատ տարբեր կարող է լինել»,-ասաց Բադասյանը:

Փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով: Նախարարի խոսքով՝ Հայաստանում աշխատակիցների բաժնետիրացումը գործող կարգավորումներով հնարավոր է միայն խիստ կարգավորումների կիրառմամբ եւ միայն հետգնված բաժնետոմսերի հաշվի, այնինչ՝ աշխատողներին բաժնետոմսերով խրախուսելը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է տալիս խրախուսել աշխատողներին եւ կանխել արտահոսքը ընկերությունից:

«Ուստի նախագծով նախատեսվում է ներդնել աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից եւ գործուն մոտեցումներ: Այսինքն` հնարավորություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բաժնետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը»,- ասաց Բադասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.