Հայտնի է՝ ով է նշանակվել Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սերգեյ Գազարովը: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքէջում:

«Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սերգեյ Գազարովը: Նոր գեղարվեստական ղեկավարին ներկայացրել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի մշակույթի վարչության ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին», - ասված է հաղորդագրության մեջ:

Սերգեյ Գազարովի խոսքով՝ այս թատրոնն իրեն շատ լավ ծանոթ է:

«Թատրոնը որպես գեղարվեստական ղեկավար գլխավորելու մշակույթի վարչության առաջարկն ընդունեցի՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ դժվար իրավիճակում է այժմ թատրոնը, ինչ առաջնահերթ խնդիրներ եմ ստիպված լինելու լուծել, իսկ դրանք քիչ չեն: Թատրոնն ամեն առումներով ու ամեն ուղղություններով թարմացման կարիք ունի: Մենք մեծ աշխատանք ունենք անելու և մենք դա կանենք», - մեջբերվում է հաղորդագրության մեջ Գազարովի խոսքը:

Հիշեցնենք, որ խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում։

Մեծանուն դերասանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Մոսկվայի դրամատիկական թատրոնում։ Արտիստին հուղարկավորել են նույն օրը երեկոյան Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.