Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 25-րդ միջոցառման ծրագիրը․ այն ուղղված է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցությանը

Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ և այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը, ըստ որի՝ շահառու հանդիսացող ընկերություններին կտրամադրվի 2020 թ․ ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 %-ի փոխհատուցման միջոցով աջակցություն։ Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումներից մեկով ու երկուսով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը, երեկվա դրությամբ այն կազմում էր շուրջ 119 միլիարդ դրամ: «Ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիդավորելու ենք, որը, կարծում եմ, էական է»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ ութ միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ երեք միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից: Փոխվարչապետը նշեց, թե երեք ամսվա համար բավականին լավ դինամիկա ունեն, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն:

Նշենք, որ 25-րդ ծրագրով շահառու կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք

.Ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը

.Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել

.2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 %-ը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների հետ անկանխիկ վճարումներով՝ զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ, կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամ կազմակերպություններ

.Ունեցել են բարվոք վարկային պատմություն

.Ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով

.Ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.