Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Ավատար 2» ֆիլմում դերի համար սովորել է ջրի տակ շունչը պահել 7 րոպե

Հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, որը լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի ստեղծումից 20 տարի անց «Ավատար 2» ֆիլմի շրջանակում կրկին համագործակցում է օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, հայտնել է, որ սիքվելում նկարահանումների ժամանակ սովորել է ջրում շունչը պահել 7 րոպե։

 

The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում 44-ամյա բրիտանացի դերասանուհին խոստովանել է, որ «Ավատար 2» ֆիլմում իր դերի համար սովորել է ջրի տակ շունչը պահել 7 րոպե և 14 վայրկյան։

«Ավատարում» դերիս համար ստիպված էի սովորել, թե ինչպես պետք է սուզվել, և դա պարզապես անհավանական էր․ շունչս առավելագույնը կարողանում եմ պահել 7 րոպե և 14 վայրկյան, խենթություն է»,- ասել է դերասանուհին։

 

Ռոնալ անունով կերպարին մարմնավորող Ուինսլեթը սյուժեի մասին այլ մանրամասներ չի պատմել, իսկ հարցին, թե ում է կերտում, կատակով պատասխանել է՝ «ջրային արարածի»։

Անցյալ ամիս լեգենդար կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճաով հետաձգվել են «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերի թողարկման ամսաթվերը։

«Չնայած COVID-19-ին, մեր առաջնահերթությունը 2021-ի դեկտեմբերին «Ավատար 2»-ի թողարկումն էր։ Ցավոք, համավարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, այժմ մենք արդեն հստակ գիտենք, որ ժամանակին չենք կարողանա ներկայացնել ֆիլմը։ Ես ամենաշատն եմ հիասթափված թողարկման հերթական հետաձգումից», -Instagram-ում հայտնել էր Քեմերոնը։

Արդյունքում, «Ավատար 2»-ի և մյուս երեք մասերի թողարկումը հետաձգվել է ևս մեկ տարով։ Նոր ժամանակացույցի համաձայն՝ «Ավատար 2»-ը կթողարկվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, «Ավատար 3»-ը՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, «Ավատար 4»-ը՝ 2026 թվականի դեկտեմբերի 18-ին և «Ավատար 5»-ը՝ 2028 թվականի դեկտեմբերի 22-ին։

ONE TIME USE ONLY - Kate-Winslet TOC-322Bv3-by-Jason-Bell-EMBED-2020-THR-1598378959

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.