Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նշենք, որ այս դատական նիստին դահլիճի կահավորումը համապատասխանեցված է հակահամաճարակային կանոններին, մասնավորապես՝ հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը, իսկ տուժողի իրավահաջորդներից երկուսը գտնվում են դահլիճի մյուս կողմում։ Այժմ քննարկվում է մեղադրող կողմի միջնորդությունը։

Նշենք, որ մեղադրող դատախազները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը և սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի ենթափուլն ու դրանում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը եւ անցում կատարել դատաքննության՝ հնարավորություն տալով հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.