Այս օրենսդրական փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ նեքաղաքական դաշտում. «Ժառանգություն»

 

ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ  «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը: Իշխանությունը ականջալուր չեղավ հեղափոխության արժեքների ջատագով ուժերի և նրանց համախոհ հանրության պնդումներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է ազգային համաձայնության մթնոլորտում քաղաքական գնահատական տալ անցյալին՝ մշակելով նոր սահմանադրություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարման ողջ համակարգի ժողովրդավարական ընթացքը՝ իշխանությունն իրապես վերադարձնելով ժողովրդին:

 
 

Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու  ապարդյուն հանրաքվեից: Ի հեճուկս գործող օրենսդրական կարգավորումների՝ որոշվեց ԱԺ-ին օժտել իրավասությամբ չեղարկելու հանրաքվեն: Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն միայն իշխող խմբակցության ձայների շնորհիվ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը՝ ապացուցելով գործող խորհրդարանի գործունակության կորուստը:

 
 
 

«Ժառանգությունն» արձանագրում է, որ այս օրենսդրական փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ նեքաղաքական դաշտում, այն խախտում է իշխանությունների տարանջատման և հակակշիռների ստեղծման ժողովրդավարական հիմնական սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով մեծամասնություն ունեցող ուժերին օրենքները ծառայեցնել խմբիշխանության պահպանման հատվածական շահերին:

 
 
 

«Ժառանգությունը» վերստին արձանագրում է՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման միակ օրինական ճանապարհը ազգային համաձայնության մթնոլորտում շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր սահմանադրության հնարավորինս արագ և կազմակերպված մշակումն է և այս օրակարգով հանրաքվեի ապահովումը:

 
 

«Ժառանգություն» կուսակցություն

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.