Սյունիքում նոր <<ապստամբություն>> է հասունանում․ կապանյան ցույցերի թիկունքից ո՞ւմ ականջներն են երեւում

Այն բանից հետո, երբ երկու ամսով կալանավորվեց  «քաջարանյան գործով» մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը, նրա հարազատներն ու ընկերները չեն բացառում, որ Քաջարանում բարձրանա բողոքի երկրորդ ալիքը, եթե վերաքննիչ քրեական դատարանը չփոխի Համբարձումյանի խափանման միջոցը: <<Սյունիքի ապստամբությունից>> անցել է մոտ տասը օր, սակայն կրքերն այնտեղ  դեռ ամենեւին հանդարտված չեն։

Չնայած այն հանգամանքին, որ քննչական կոմիտեն հայտարարեց, որ  Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն անցնում է իրեն պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող ռեստորանի տարածքում շուրջ 20 հոգանոց ծեծկռտուքի գործով, որն ավարտվել է քաղաքացու առեւանգմամբ, ինքը՝ Քաջարանի քաղաքապետը, շարունակում է պնդել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ։

Հիմա արդեն խոսվում է նաեւ Գորիսի ու Կապանի քաղաքապետերի հանդեպ իրավական գործընթացներ սկսելու մասին։ Իսկ մամուլը դեռ մայիսի սկզբներին էր գրել, որ Սյունիքում մտադիր են կալանավորել քաղաքապետերի, խուզարկություններ են իրականացվում վերջիններիս  մտերիմների բնակարաններում։

Ինքը Նիկոլ Փաշինյանն անուղղակի անդրադարձել է Քաջարանի դեպքերին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․«Կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն >>։

Ի՞նչ է տեղի ունենում  իրականում: Արդյո՞ք իշխանությունը գործում  է ոչ յուրային համայնքապետերին հեռացնելու նախկինների <<մաշված>> մեթոդներով, որը պնդում են համայնքապետերն ու ընդդիմադիր շրջանակները, թե՞ գործ ունենք իրապես լուրջ քրեածին իրավիճակի հետ։

Երկու դեպքում էլ վիճակը մտահոգիչ է։ Հատկապես, եթե հաշվի առնենք Սյունիքի դիրքը, նշանակությունը։ Ի վերջո վարչապետ Փաշինյանի ձեւակերպումներով  Սյունիքը Հայաստանի, ողջ հայության, անգամ Արցախի ողնաշարն է, Հայաստանի ամենախոշոր արդյունաբերական կենտրոններից է, ինչով նաեւ պայմանավորված է հանրապետության համար նրա ռազմավարական նշանակությունը։

Արդյոք <<վենդետա չի լինելու>> կարգախոսով ժողովրդական վարչապետ հռչակված Փաշինյանի համար օրախնդիր է ամեն գնով ազատվել Սյունիքի <<իշխանիկներից>>։ Փաշինյանի ինչի՞ն է պետք ազատվել <<մանր  կալիբրի>> չինովնիկներից այն դեպքում, երբ ողջ իշխանական ապարատի ներքեւի մասում << հնաբնակներ>> են, ովքեր վերափոխվելու եւ  Նոր Հայաստանին հավատարիմ  լինելու մասին մեսիջներ են տվել։ Մնում է ենթադրել, որ Սյունիքի <<իշխանիկներն>>  այդ գծի մեջ չեն, կամ էլ կրիմինալ տարրեր են իրենցից ներկայացնում։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն, անդրադառնալով այս զարգացումներին, հայտարել է․ «Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա»։  Պողոսյանն իր այս հայտարարությամբ անուղղակի ակնարկում է, որ  բողոքի ակցիաներն ուղղորդված են, կրում են պլանավորված  բնույթ և հրահրվում են նախկին իշխող ուժի մի հատվածի կողմից։

Իսկ իշխանական պատգամավորները կապանյան իրադարձություններին տվեցին <<հակահեղափոխություն> անունը։ Մասնավորապես  ծնունդով սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ Սյունիքում աղմուկը հրահրված էր որոշ ուժերի կողմից՝ ինչ-որ պրոցեսներ բորբոքելու համար, սակայն այդ ամենը թույլ չի տրվելու եւ նախականխվելու է: Նա ասաց, որ հակահեղափոխություն Սյունիքից չի լինելու։

Արդյո՞ք այս ամենի հետեւում Սյունքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ականջներն են, իհարկե այս մասին ո՛չ  Հունան Պողոսյանը եւ ո՛չ էլ սյունեցի պատգամավորը ոչինչ չեն ասում։ Եւ միգուցե սա մերկապարանոց հայտարարություն հնչի,  սակայն  բոլորին էլ հայտնի է, որ  վերջին տարիներին հենց Հակոբյաններն են  այստեղ ունեցել  լուրջ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություններ: Այնպես որ, ինչպես մարզպետ Պողոսյանի, այնպես էլ պատգամավոր Կարապետյանի հայտարարությունների վեկտորն ուղղված է դեպի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

 

Սակայն ի նկատի ունենանք, որ Հակոբյանին որպես Սերժ Սարգսյանի նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ, սյունեցին մերժել է դեռ 2018ին։ Եւ եթե երկու տարի անց նրան հաջողվում է հեռակարառավարել բողոքի ցույցեր, ապա դա միայն <<թավշյա իշխանությունների շնորհիվ>> է։

Ի վերջո բարձրաստիճան ոստիկան մարզպետի նշանակումը, որը ի դեպ միանշանակ չընդունվեց եւ ամենաշատը երեւի թե քննադատվեց, պատահական չէր։ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակելով  Սյունիքի մարզպետ՝ հայտարարում էր, որ հաշվի է առել այն, որ նախկին փոխոստիկանապետն ունի զինվորական բարձրագույն կոչում, կկարողանա հաղթահարել ու կանգնել բոլոր ռիսկերի դեմ և անհրաժեշտության դեպքում «ձեռքը խփել սեղանին»: Փաշինյանը նաեւ հայտարարում էր, որ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելով՝ մտադիր է ջարդել նարկոտրաֆիկի ճանապարհը։

Եւ եթե այսօր Սյունիքում Հունան Պողոսյանին չի հաջողվում ձեռքը սեղանին խփելով խնդիր լուծել եւ ավելին, եթե Քաջարանի քաղաքապետին կամ նրան փոխկապակցված անձանց հետ քրեական գործերով նաեւ թմրանյութերի հայտնաբերման թեմաներ են շոշափվում, սա նշանակում է, որ <<հեղափոխական արժեքները>> մոռացության են մատնվում  եւ ժամանակն է նորից վերանայել դրանք, եւ կամ էլ ընտրված պայքարի մեթոդներն են չափազանց  թավշյա։ Արժե գոնե մեկ- մեկ, հանուն հեղափոխական արժեքների,  դրանք փոխարինել բիրտ մեթոդներով։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.